Գիտնականները Երևանում քննարկում են ճառագայթային տեխնոլոգիաների կիրառությունները

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել են «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովը և ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը։ Միջոցառմանը մասնակցում են գիտնականներ, հետազոտողներ և ուսանողներ Հայաստանից ու մի շարք այլ երկրներից՝ քննարկելու ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտի նվաճումներն ու կիրառությունները։

«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում հունիսի 22-ին մեկնարկեց «Փնջեր և ճառագայթում, փոխազդեցություն և կիրառություններ» թեմայով 10-րդ միջազգային գիտաժողովը և ակադեմիկոս Ալպիկ Մկրտչյանի անվան «Ճառագայթային ֆիզիկա և հարակից կիրառություններ» 5-րդ միջազգային գիտական դպրոցը։

Միջազգային գիտաժողովը և գիտական դպրոցը կազմակերպել է Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտը՝ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի աջակցությամբ։ Նպատակն է խթանել Հայաստանում առաջատար գիտական ուղղությունների զարգացումը և միջազգային համագործակցության նոր հնարավորությունների ձևավորումը։

Մեկ հարկի տակ են համախմբվել հայտնի գիտնականներ, հետազոտողներ և ուսանողներ Իտալիայից, Իրանից, Հայաստանից, Հունաստանից, Մալազիայից, Միացյալ Թագավորությունից, Չինաստանից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից՝ քննարկելու ճառագայթման և մասնիկների փոխազդեցության ոլորտում գիտական նվաճումներն ու դրանց կիրառությունները։

Ողջունելով մասնակիցներին՝ ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, թղթակից անդամ Արամ Պապոյանն ասաց․ «Ներկայում Հայաստանը գիտության և բարձրագույն կրթության ոլորտներում իրականացնում է խորքային և լայնածավալ բարեփոխումներ։ Մեր նոր ռազմավարության առաջնահերթություններից է միջազգային համագործակցության ամրապնդումը։ Գիտությունն իր էությամբ միջազգային է, վեր է քաղաքականությունից և սահմաններից և մարդկության զարգացման կարևոր շարժիչ ուժերից մեկն է։ Ռազմավարության կարևոր ուղղություններից է երիտասարդ հետազոտողների ակտիվ ներգրավումը։ Միջազգային գիտական դպրոցը կնպաստի երիտասարդ գիտնականների ակտիվացմանը և նրանց ներգրավմանը միջազգային լայն համագործակցություններում։ Վստահ եմ, որ այս միջոցառումները կխորացնեն գիտական կապերը և կհանգեցնեն նոր համագործակցությունների», – ասաց Արամ Պապոյանը։

«Այս տարի առաջին անգամ դպրոցն ու գիտաժողովը դարձան մեկ ընտանիք։ Գիտական դպրոցի պատմությունը սկսվել է 2002 թվականին՝ Սևանա լճի ափին, իսկ գիտաժողովը՝ 2009 թվականին։ Աշխարհի տարբեր երկրներից գիտնականներ հավաքվում են Հայաստանում՝ ներկայացնելու իրենց բացահայտումները ֆիզիկայի ոլորտում։ Մեր նախորդ դասախոսություններից և զեկույցներից շատերը հրապարակվել են միջազգային գիտական ամսագրերում։ Վստահ եմ, որ այս աշխատանքներն էլ կնպաստեն գիտության զարգացմանը», – իր ելույթում ասաց Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտի տնօրեն Վահան Քոչարյանը։

Իտալիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր Սուլթան Դաբագովն իր ելույթում նշեց․ «Հատկապես հաճելի է կրկին լինել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայում։ Այս շենքն աստիճանաբար դարձել է մեր հանդիպումների ավանդական վայրերից մեկը։ Ուստի, առաջին հերթին, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիային մեր քննարկումներին աջակցելու համար։ Գիտական այս միջոցառումները հնարավորություն են աշխարհի առաջատար մասնագետների հետ քննարկելու ոլորտի հիմնական և հրատապ խնդիրները և մարտահրավերները, որոնք պետք է լուծվեն ապագայում։ Հուսով ենք, որ հենց այս շաբաթվա ընթացքում կայանալիք քննարկումներից կծնվեն նոր լուծումներ և նոր գաղափարներ», – ասաց Սուլթան Դաբագովը։

Միջազգային գիտաժողովը և գիտական դպրոցը կշարունակվեն հունիսի 23-24-ին՝ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտում, իսկ 25-28-ին՝ Ջերմուկում։ Կքննարկվեն տարբեր միջավայրերի հետ ճառագայթային փնջերի և մասնիկների փոխազդեցությունը, իոնացնող ճառագայթման աղբյուրներն ու դրանց կիրառությունները, ճառագայթային տեխնոլոգիաները հնագիտության, բժշկական ֆիզիկայի, բնապահպանության և աստղագիտության մեջ, ինչպես նաև ֆունկցիոնալ նյութերն ու բյուրեղների աճը»,- ասված է ՀՀ ԳԱԱ-ի տարածած հաղորդագրությունում։

Leave a comment