CaseKey կրթական և բիզնես նախաձեռնությունը, որը միավորում է երիտասարդներին և տարբեր ոլորտների առաջատար ընկերություններին, այս տարի մեկնարկել է մասնակիցների ռեկորդային թվով։ Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել հարթակ, որտեղ ուսանողներն ու երիտասարդ մասնագետները կարող են թիմային աշխատանքի միջոցով լուծումներ առաջարկել բիզնեսի կողմից առաջադրված իրական խնդիրներին և ձեռք բերել գործնական փորձ։
Նախագծի ակտիվ գործընկերներից է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը CaseKey-ի հետ համագործակցում է արդեն երկու տարի։ Եթե սկզբնական շրջանում կոմբինատի մասնակցությունը սահմանափակվում էր բանախոսություններով և փորձի փոխանակմամբ, ապա ներկայումս այն ստացել է Ոսկե գործընկերոջ կարգավիճակ և առավել խորացված ներգրավվածություն ունի ծրագրում։
Կոմբինատում նշում են, որ ժամանակակից հանքարդյունաբերությունը գիտահեն ոլորտ է, որտեղ կարևոր դեր ունեն նորարարական մոտեցումները, տեխնոլոգիական զարգացումները և գիտական գիտելիքները։ Այդ պատճառով CaseKey-ի շրջանակում հավաքված երիտասարդական ներուժը և ստեղծարար գաղափարները կարևոր նշանակություն ունեն ոլորտի ապագայի համար։
Համագործակցության շրջանակում նախորդ տարվա աշնանը ԶՊՄԿ-ն շուրջ 30 CaseKey-ականի համար կազմակերպել էր ճանաչողական այց։ Մասնակիցները հնարավորություն էին ստացել այցելել արտադրական տարածքներ, ծանոթանալ հանքի գործունեությանը, հանդիպել ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ և ավելի մանրամասն պատկերացում կազմել հանքաքարից մետաղի ստացման ամբողջ գործընթացի մասին։
Ծրագրի կազմակերպիչների և գործընկերների համոզմամբ՝ նման նախաձեռնությունները նպաստում են երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը, ինչպես նաև օգնում են ավելի լավ հասկանալ ժամանակակից արդյունաբերության առանձնահատկություններն ու զարգացման հեռանկարները։ Հատկանշական է, որ հանքարդյունաբերությունն իր մեջ ներառում է շուրջ 50 գիտական և տեխնիկական մասնագիտություններ՝ սկսած երկրաբանությունից և քիմիայից մինչև ավտոմատացում, տեղեկատվական տեխնոլոգիաներ և բնապահպանություն։
Այս տարի ԶՊՄԿ-ն ստանձնել է նաև CaseKey Academy-ի հովանավորությունը։ Ընկերությունում նշում են, որ սպասում են մրցութային հիմնական փուլին, որի ընթացքում ուսանողներին կներկայացվեն նոր բիզնես քեյսեր, իսկ համագործակցությունը կմտնի զարգացման նոր փուլ՝ նպաստելով երիտասարդ մասնագետների ներգրավմանը և մասնագիտական աճին։