Ինչ է «պատմում» կարասը հայկական ինքնության մասին. լույս է տեսել կարասի վերաբերյալ բացառիկ հետազոտություն

Կարասն արժանի է իր տեղը զբաղեցնելու մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։

Լույս է տեսել «Կարաս. պատմություն եւ ժառանգություն» խորագրով բացառիկ աշխատությունը, որը հրատարակության է երաշխավորել ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի գիտական խորհուրդը: Խմբագիրներն են Միքայել Բադալյանը եւ Արսեն Բոբոխյանը, նախագծի համակարգողները՝ Հռիփսիմե Հարությունյանն ու Միքայել Բադալյանը:

Աշխատության նախաբանում ներկայացվում է, թե կարասն ինչ ուրույն տեղ է գրավում հայոց ինքնությունը խորհրդանշող տարրերի խճանկարում. «Կարասի օգտագործումը Հայաստանում ունի հազարամյակների շարունակականություն և ժառանգականություն։ Հետաքրքրական է, որ կարասին առնչվող տարբեր ընկալումներ զուգորդվում են կյանքի, ծննդյան ու մահվան, բարեկեցության, առատության, գինեգործության հնագույն մշակույթի և այլ երևույթների հետ… Այս աշխատությունը հայկական կարասի վերաբերյալ դեռևս միակ ամփոփ հետազոտությունն է, որի ստեղծմանը մասնակից են դարձել իրենց ոլորտներում մեծ հեղինակություն վայելող հայ և օտարերկրացի գիտնականներ։ Առաջին անգամ մեկ աշխատության մեջ գիտահանրամատչելի կերպով մեկտեղվել են հայկական կարասին առնչվող տարբեր ոլորտներ՝ հնագիտություն, պատմություն, ազգագրություն, բանահյուսություն, լեզվաբանություն, գինեգործություն և այլն։

Նման ձևաչափով գրքի ստեղծման նպատակն է՝ առավել ընկալելի կերպով աշխարհին ճանաչելի և հաղորդակից դարձնել հայկական կարասը, որը, անշուշտ, արժանի է իր տեղը զբաղեցնելու մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում»։

 

Նշվում է, որ նման բովանդակությամբ գրքի ստեղծման գաղափարն ու նախաձեռնությունը «Վալե Դը Լ Արփա» ՍՊԸ-ի տնօրեն Կարեն Մխիթարյանինն է։ Նրա առաջարկով և մեկենասությամբ է իրականություն դարձել այս կարևոր աշխատության տպագրությունը, եւ արդյունքում սեղանին է դրվել մի ամփոփ գիտահանրամատչելի աշխատություն, որը համակողմանի և բազմաբովանդակ կերպով ներկայացնում է հայոց ինքնության կարևորագույն խորհրդանիշներից մեկի՝ հայկական կարասի ֆենոմենը։

«Կարաս. պատմություն եւ ժառանգություն» աշխատության մեջ, ի թիվս այլնի, անդրադարձ կա՝ հայերենում անոթի, կարասի եւ սափորի անվանումներին, տարանախաուրարտական Հայաստանում կարասին, ուրարտական կարասին պատկերագրության մեջ, կարասային թաղումներին, հայկական գինեգործական մշակույթում կարասի կիրառությանը եւ այլն: «Նախաուրարտական ժամանակաշրջանում կարելի է խոսել կարասատիպ անոթների և կարասի նախապատմության մասին։ Իսկ ահա մեզ հայտնի կարասները սկսել են կիրառվել Արարատի թագավորությունում։ Այստեղ կարասը դառնում է ուրարտական տերության տնտեսության կարևորագույն բաղադրիչներից և խորհրդանիշներից մեկը։ Ինչպես Ուրարտուում, այնպես էլ մեր օրերում կարասները գլխավորապես տեղադրվում էին հատուկ սրահներում և/կամ սենյակներում։ Դրանք պարունակում էին գինի, հացահատիկ և այլ տեսակի հեղուկներ։ Կարասների վերնամասում տարողության միավորների մատնանշումը ինքնին վկայում է Վանի թագավորությունում խիստ համակարգված տնտեսության և պետականության ձևաչափի մասին։ Առնվազն ուշ ուրարտական ժամանակաշրջանից ի վեր կարասները սկսել են օգտագործել նաև թաղման համար։ Ըստ երևույթին, կավից պատրաստված կարասը ասոցացվել է երկրի և/կամ արգանդի հետ, որտեղ պետք է տեղադրեին հանգուցյալին՝ հավանաբար վերջինիս վերածնվելու ակնկալիքով։ Ակնհայտորեն, կարասներն առնչվել են կյանքի, ծննդի և մահվան, առատության ու բարեկեցության գաղափարներին։

Ըստ երևույթին, Արարատի թագավորության ժամանակաշրջանից մինչև մեր օրերը Հայաստանում կարասների տեսքի, ձևի, պատրաստման և կիրառման եղանակների առումով փոփոխություններ գրեթե չեն եղել։ Այս համատեքստում մենք կարող ենք միանշանակորեն նշել Հայաստանում կարասի և դրա ավանդույթի չընդհատվող շարունակականության և ժառանգականության մասին։ Հայաստանում արտադրված կարասները եղել են այնքան բարձրորակ և պահանջված, որ առնվազն երկաթի դարաշրջանից արտահանվել են այլ երկրներ։ Այս առումով խիստ ուշագրավ է այն փաստը, որ Հայաստանում պատրաստված կարասները հասցվել են նույնիսկ Երուսաղեմ։

Կարասներն, իհարկե, փաստում են Հայաստանում գինեգործության՝ հազարամյակների ավանդույթների մասին։ Մեր օրերում առավել քան կարևոր է հայոց ինքնությունը խորհրդանշող յուրաքանչյուր տարրին, երևույթին տեր լինելու առաքելությունը։ Առանցքային նշանակություն ունի նման խորհրդանիշների հանրահռչակումը։ Այդպիսիք են, օրինակ, վիշապ քարակոթողները, խաչքարերը, գորգերը, խազերը և հայոց ինքնության շատ ու շատ այլ վկաներ։ Նշված բոլոր արժեքները ոչ միայն հայկական, այլև համաշխարհային ժառանգության անքակտելի մաս են կազմում։ Նման խորհրդանիշներից է կարասը։ Այսօր խիստ հրատապ խնդիրներ են Հայաստանում կարասի պատրաստման ավանդույթների վերականգնումը, հնագույն տեխնոլոգիաներով նոր կարասային սրահների ստեղծումը, դրանց շարունակական օգտագործումը, կարասի հանրահռչակումը՝ որպես Հայաստանի կարևորագույն խորհրդանիշներից մեկը»,- նշված է Միքայել Բադալյանի եւ Արսեն Բոբոխյանի հեղինակությամբ վերջաբանում:

Պատրաստեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment