Հայաստան-Ռուսաստան․ ֆուտբոլային համագործակցություն և «Արարատ 73»-ի խորհրդանշական պրեմիերան

2026 թվականի փետրվարի 3-ից 6-ը «Ռոսսոտրուդնիչեստվա»-ի և Երևանի Ռուսական տան աջակցությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի ֆուտբոլային միության և Ռուսաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների այցը Հայաստանի Հանրապետություն։ Այցի ծրագիրը նվիրված էր սպորտի ոլորտում հայ ռուսական համագործակցության զարգացմանը և ֆուտբոլի հանրահռչակմանը որպես հումանիտար երկխոսության արդյունավետ գործիք։

Ռուսական պատվիրակության կազմում ընդգրկված էին Ռուսաստանի ֆուտբոլային միության դեսպաններ և ռուսական ֆուտբոլի լեգենդներ Անդրեյ Տիխոնովը, Դմիտրի Ալենիչևը, Իգոր Սեմշովը։
Աշխատանքային մի շարք հանդիպումներ են կայացել, այդ թվում Հայաստանի սպորտի ոլորտի պատասխանատուների հետ, Հայաստանի Հանրապետության ԿԳՄՍ նախարարության սպորտային քաղաքականության վարչության ղեկավարի, ինչպես նաև «Արարատ» ֆուտբոլային ակումբի ղեկավարության հետ։

Կարևորվել է երիտասարդների հետ աշխատանքը։ Այցի շրջանակում անցկացվել է ֆուտբոլային փառատոն, որի ընթացքում ռուս ֆուտբոլիստները վարպետության դասեր են անցկացրել «Արարատ» ակումբի ակադեմիայի սաների համար։

Ծրագրի կենտրոնական իրադարձությունը Երևանի Ռուսական տանը կազմակերպված մամուլի ասուլիսն էր, որը նվիրված էր միջազգային սպորտային երկխոսության զարգացմանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաև խորհրդային ֆուտբոլի ամենանշանակալի գավաթներից ԽՍՀՄ բյուրեղյա գավաթը, որը Երևան էր բերվել «Արարատ 73» ֆիլմի պրեմիերայի առիթով։

«Ռոսսոտրուդնիչեստվա»-ի ղեկավարի տեղակալ Իգոր Չայկան նշել է, որ Ռուսաստանի ֆուտբոլային միության և Պրեմիեր լիգայի ներկայացուցիչների այցը Հայաստան վառ օրինակ է, թե ինչպես կարող է սպորտը դառնալ ժողովրդական դիվանագիտության արդյունավետ գործիք։ Նրա խոսքով, սպորտային համագործակցությունն ունի լուրջ ներուժ երկու երկրների միջև հումանիտար կապերի ամրապնդման համար, հատկապես երիտասարդության հետ աշխատանքի ուղղությամբ։ Նա նաև ընդգծել է, որ Նիկիտա Սիմոնյանի մասին ֆիլմի պրեմիերան այցին տվել է առանձնահատուկ խորհրդանշական նշանակություն։

«Արարատ 73» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով, այս ֆիլմի իրական հերոսների կատարած սխրանքների շնորհիվ մինչև այսօր սերունդներ են դաստիարակվում և այս ֆիլմին մոտեցել են մեծ պատասխանատվությամբ ու նաև վախով։

Մանրամասները` տեսանյութում։

—00—ԼԱ

Leave a comment