Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը
Հունիսի 21 – Աստղագիտական ամառ, ամառային արևադարձ․
Հունիսի 21-ը՝ բարձր Արևի օր, Հյուսիսային կիսագնդում տարվա ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ 2026 թվականի հունիսի 21-ին, Երևանի ժամանակով ժամը 12:24-ին, տեղի կունենա ամառային արևադարձը։ Արևը, շարժվելով խավարածրի երկայնքով, կհասնի իր ամենահեռավոր դիրքին երկնային հասարակածից դեպի Հյուսիսային երկնային բևեռ՝ ազդարարելով աստղագիտական ամռան սկիզբը Հյուսիսային կիսագնդում։
Միևնույն ժամանակ, Հյուսիսային կիսագնդում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը։ Սա տեղի է ունենում, քանի որ ամառային արևադարձի ժամանակ Արևը ծագում է հյուսիս-արևելքից և մայր է մտնում հյուսիս-արևմուտքից՝ կեսօրին հասնելով հարավում հորիզոնի վերևում իր ամենամեծ բարձրությանը։ Այսպիսով, հունիսի 21-ի կեսօրին Հյուսիսային կիսագնդում կարելի է դիտարկել տարվա ամենակարճ ստվերները և ամենաբարձր Արևը։
Երևանում ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 02 րոպե։ Համեմատության համար, ձմեռային արևադարձի օրը՝ դեկտեմբերի 21-ին, Երևանում ցերեկվա տևողությունը ընդամենը 9 ժամ 19 րոպե է։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: