Կրասնոդարի առևտրի կենտրոնում դանակով հարձակման հետևանքով կա զոհ և 5 վիրավոր

Կրասնոդարի առևտրի կենտրոնում դանակով հարձակման հետևանքով կա զոհ և 5 վիրավոր

Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում առևտրի կենտրոններից մեկում դանակով զինված տղամարդը հարձակվել է այցելուների վրա, ինչի հետևանքով մեկ կին զոհվել է, ևս հինգ մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ 

ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկի տեղեկացմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Արևմտյան Շրջանցիկ փողոցում գտնվող առևտրի կենտրոնում։ Հարձակվողը մի քանի այցելուի դանակահարել է, ինչպես նաև հրատեխնիկական միջոց է նետել մանկական ժամանցի կենտրոնի տարածք։

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության և Ռոսգվարդիայի աշխատակիցները, իսկ հարձակվողին, ըստ իրավապահների, մինչ նրանց ժամանումը վնասազերծել և պահել է ականատեսներից մեկը։

Տուժածների թվում են 27, 38, 64 և 65 տարեկան կանայք, ինչպես նաև 55-ամյա տղամարդ անվտանգության աշխատակիցը։ Վիրավորների թվում կա նաև հղի կին։ Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ սպանության և սպանության փորձի հոդվածներով։ Քննչական մարմինները հարձակվողի նկատմամբ նշանակել են դատահոգեբուժական փորձաքննություն։

Իրավապահների տվյալներով՝ տղամարդը նախկինում դատված չի եղել և շուրջ չորս ամիս առաջ աշխատանքի նպատակով տեղափոխվել էր Կրասնոդար։ Նրան սպառնում է մինչև ցմահ ազատազրկում։

Կրասնոդարի երկրամասի դատախազությունը հայտարարել է, որ կստուգի մարդկանց զանգվածային կուտակումների վայրերում անվտանգության ապահովման և օրենսդրության պահպանման հարցերը։

Leave a comment