Հայաստանի ԶԼՄ–ների ասոցիացիան պահանջում է վերադարձնել 7or.am–ի տեխնիկան

Բաժանորդագրվել

Ասոցիացիայի անդամ լրատվամիջոցները պատրաստ են աջակցել, որ 7or.am–ի մեդիաարտադրանքի շարունակականությունն ապահովվի, մինչև տեխնիկան վերադարձնեն։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանի ԶԼՄ–ների ասոցիացիան պահանջում է, որ իրավապահ մարմիններն անհապաղ վերադարձնեն 7or.am կայքի ամբողջ տեխնիկան։ Ասոցիացիան հայտարարություն է տարածել։

Մայիսի 22-ին ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները խուզարկություններ իրականացրին «Մայր Հայաստան» կուսակցության գրասենյակում, կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի բնակարանում, ավտոտնակում և մեքենայում, խուզարկությունների արդյունքում, ի թիվս այլնի, առգրավվեց նաև «7or.am» լրատվավերլուծական կայքի տեխնիկան։

«Լրատվավերլուծական կայքի աշխատանքը մայիսի 22-ից ցայսօր պարալիզացված է: Միանշանակ է, որ իրավապահների գործողություններն ու նման մոտեցումն ուղղակիորեն հակասում է ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին, խոսքի և մամուլի ազատությանը, ինչպես նաև լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեության սկզբունքին»,– ասված է Հայաստանի ԶԼՄ–ների ասոցիացիայի հայտարարությունում։

Ասոցիացիան իրավապահներից նաև պահանջում է ապագայում զերծ մնալ լրատվամիջոցի պարալիզացում առաջացնող գործելաոճից` անկախ նրանից, թե ինչ վարույթի շրջանակում է իրականացվել գործողությունը։

Միևնույն ժամանակ ասոցիացիայի անդամ լրատվամիջոցները վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ տեխնիկապես և մասնագիտական ռեսուրսներով օժանդակել «7or.am» լրատվականին։ Հայտնել են, որ պատրաստ են աջակցել, որպեսզի նրանց մեդիաարտադրանքի շարունակականությունն ապահովվի, մինչև տեխնիկան կվերադարձնեն և լրատվամիջոցի բնականոն գործունեությունը լիարժեք կվերականգնվի։

Leave a comment