Ռազմավարական հայը․ մենք անմահ ենք․ ՄԱՍ 4

Ու ամեն ծնվողի հետ նա ծնվելու է (…)
Ու յուրաքանչյուր ծնունդ առաջին ծննդյան կրկնությունն է լինելու։
— Աշոտ Ավագյան

 

Առնվազն 5 միլիարդ տարի։ Այսքան ժամանակ դեռ պետք է ապրի Արևը։ Այս իմաստով՝ սա նաև մեր անմահության նվազագույն հորիզոնն է։

«Ռազմավարական հայը» հոդվածաշարի առաջին մասում հիմնավորվեց, որ Արցախի անկումից հետո հայերի առաքելությունը դուրս է եկել զուտ ազգային շրջանակներից և ստացել համամարդկային նշանակություն։

Ժողովրդավար Արցախի անկումը ցույց տվեց, որ աշխարհի կարգ ու կանոնը տրված իրողություն չէ, այլ մշտական պայքարի արդյունք։ Այն պետք է անընդհատ վերաստեղծվի, պաշտպանվի և զարգացվի։

Այդ պայմաններում հայերի առաքելությունը այլևս միայն սեփական ազգային խնդիրների լուծումը չէ, այլ նաև մարդկային համակեցության արդար կանոնների պահպանմանն ու զարգացմանը մասնակցելը։ Այս առաքելությունը դուրս է մեկ սերնդի կյանքից և դառնում պատմական շարունակական գործընթաց։

Աշխարհի կարգ ու կանոնն ու զարգացումը հարատև գործընթաց են։ Նրանք, ովքեր մասնակցում են այդ գործընթացին, մտնում են իրար փոխարինելու, միմյանց աշխատանքը շարունակելու և կատարելագործելու անվերջ շղթայի մեջ։

Ֆրանսիացի փիլիսոփա Ռենե Դեկարտից մենք սովորեցինք. «Մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ»։ Այսինքն՝ մարդու գոյության առաջին ապացույցը նրա մտածելու կարողությունն է։

Ռազմավարական հայի պարագայում գոյությունը երկարում է։ Մենք շարունակում ենք գոյություն ունենալ, քանի դեռ ուրիշի գլխում մեր մտածածը շարունակում է մտածվել, քանի դեռ մեր գաղափարները ապրում են այլ մարդկանց մտքերում։

Այսպիսով, ռազմավարական հայի բանաձևը հետևյալն է. «Իմ մտածածը մտածվում է, ուրեմն շարունակում եմ գոյություն ունենալ»։

Սա անմահությունն է՝ առնվազն մինչև Արևի կյանքի ավարտը և, գուցե, դրանից էլ անդին։ Սակայն ռազմավարական հայի նպատակը միայն սեփական անմահությունը չէ։ Նրա առաքելությունն է նպաստել մարդկության և Երկիր մոլորակի զարգացմանը, որպեսզի կյանքը, միտքն ու քաղաքակրթությունը շարունակեն իրենց գոյությունը նաև այն սահմաններից դուրս, որոնք այսօր մեզ թվում են վերջնական։

Եթե Արևն ունի իր ավարտը, ապա միտքը պարտավոր է ստեղծել հաջորդ սկիզբը։

Հավերժությունը չի սկսվել մեր ծնունդով և չի ավարտվելու մեր մահով։ Այն ժամանակից դուրս է։ Այն սկսվել է այն պահին, երբ մարդու ուղեղում առաջին միտքն է ծագել։ Այդ պահից մարդը ցանկացել է իր միտքը փոխանցել ուրիշին։ Դրա համար նա երեխաներ է ունեցել, աշակերտների դաս տվել, գրքեր է գրել, գործ է արել։

Եթե մեր մտածածը տեղափոխվել է մեկ ուրիշի ուղեղ, եթե մեր ստեղծածը դարձել է ուրիշի աշխատանքի հիմք, ապա մեր գոյությունը շարունակվում է նաև նրա միջոցով։

Այս իմաստով ռազմավարական հայը անմահ է։ Նրա մտածածը փոխանցվում է հաջորդ մտածողին, նրա գործը դառնում է հաջորդ գործի հիմքը։

Ռազմավարական հայը հակադրվում է այն մտածողությանը, որը հաճախ բնորոշ էր Հայաստանի Երրորդ Հանրապետության. «Լուծենք բոլոր հարցերը, որպեսզի մեր երեխաները լավ ապրեն»։

Արցախյան հակամարտության պայմաններում այս մտածողությունը վերածվել էր ազգային նպատակադրման։ 

Ռազմավարական հայը հասկանում է, որ իր առաքելությունը միայն իր երեխաների բարեկեցությունը չէ։

Նա գիտի, որ հաջորդ սերունդները պետք է վերցնեն իր արածը, շարունակեն այն և կատարելագործեն, իսկ յուրաքանչյուր ժամանակաշրջան ունի իր խնդիրներն ու լուծումների ձևերը։

«Բոլոր հարցերը լուծենք, որ երեխաները լավ ապրեն» տրամաբանությունը ենթադրում է, թե պատմությունը կարող է ավարտվել։ Սակայն պատմությունը չի ավարտվում։ Այդ իմաստով չարդարացավ նաև փիլիսոփա Ֆրենսիս Ֆուկույամայի այն պատկերացումը, թե մարդկությունը կարող է հասնել պատմության վերջնակետին և հաստատվել վերջնական քաղաքական ու հասարակական կարգի մեջ։

Յուրաքանչյուր լուծում ծնում է նոր խնդիրներ, յուրաքանչյուր ձեռքբերում՝ նոր պատասխանատվություն, իսկ յուրաքանչյուր սերունդ՝ զարգացնում է առաքելությունը։

Եթե հաջորդ սերունդներին թողնում ենք միայն սպառելու և ոչինչ ստեղծելու դեր, նրանց զրկում ենք առաքելությունից։ Իսկ առաքելությունից զրկված մարդը կտրվում է հավերժությունից։

Այստեղից էլ հետևում է, որ մահից վախենալը անիմաստ է։ Մենք վախենում ենք անհետանալուց, բայց իրականում մարդը չի սահմանափակվում իր մարմնով։ Նրա մտքերը, գործերը, ազդեցությունը, ստեղծած արժեքները շարունակում են ապրել ուրիշների մտքում։

Նույն պատճառով հարազատի մահը չի նշանակում նրա վերջնական անհետացումը։ Մենք տխրում ենք, որովհետև այլևս չենք տեսնելու նրան, չենք լսելու նրա ձայնը, չենք ապրելու նրա ներկայությամբ։ Սակայն այն, ինչ նա փոխանցել է մեզ, շարունակում է ապրել մեր մտքում, նա դառնում է մեր մտածողության և մեր գործողությունների մասը։ Նրա կենսաբանական կյանքի իմաստն ու առաքելությունը մեր գլխում է։ 

Ուստի մահը ոչ թե վերջն է, այլ փոխանցումը։ Մեկ կյանքից մյուսին, մեկ մտքից մյուսին, մեկ սերնդից հաջորդին։

Ոչ ոք ամբողջությամբ չի անհետանում, եթե իր մտածածը և արածը շարունակում են ապրել մարդկային հիշողության և գործողության մեջ։

Մտքից է գոյությունը և միտքն է անմահ, եթե ամեն ծնվողի հետ նա ծնվում է։

 

Հովհաննես Իշխանյան

 

«Ռազմավարական հայը» հոդվածի առաջին մասում քննարկվեց, որ աշխարհի կարգ ու կանոնի վերականգնման հնարավոր սուբյեկտներից մեկը հայությունն է։

Երկրորդ մասում խոսվեց, որ այդ առաքելությունն իրականացնելու համար ազգային ինքնությունը պետք է բարձրացվի վերազգային մակարդակի՝ դեպի Երկիր մոլորակին օգտակար լինելու գիտակցություն։

Հաջորդիվ քննարկվում է, թե ինչպիսի մտածողություն, վարք և կենսակերպ է անհրաժեշտ, որպեսզի այդ ազգային-վերազգային առաքելությունը հասնի նպատակին, դրանք կարող ես կարդալ այստեղ  ՄԱՍ 3․1․ Մի՛ նեղացիր  |  ՄԱՍ 3․2 Զսպի՛ր կարծիքդ | ՄԱՍ 3․3 Ճիշտը մի հատ չի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment