Ռուբեն Հակոբյանի նկատմամբ վարչական հսկողություն է նշանակվել

Հասարակություն

19.06.2026 | 21:15

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց վարչական հսկողությունը բավարարվել է։ Այս մասին FactorTV-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

Հիշեցնենք՝ այսօր առավոտյան դաշնակցական նախկին պատգամավորը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ եկել են իրեն ձերբակալելու։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, ըստ որի «պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ԱԺ նախկին պատգամավոր Ռ․Հ․-ն տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ կատարել է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն, թշնամանք հրահրելու և քարոզելու վերաբերյալ հայտարարություններ, ինչը հաստատվել է ստացված փորձաքննության եզրակացությամբ»:

«Ռ․Հ․-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) (3 դրվագ)»,- գրել էր իրավապահ կառույցը։

Ռոզա Վարդանյան

Leave a comment