Հայ վարդաբույծները պետք է մշակեն միայն պաշտպանված սորտեր և վճարեն հոլանդական սելեկցիոն ընկերություններին․ դեսպանատուն
ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերը հանդիպել է Royal Flora Holland ընկերության ներկայացուցիչների, հայ վարդաբույծների, հոլանդական սելեկցիոն ընկերությունների (De Ruiter, Schreurs, Dümmen Orange) ներմուծող և լոգիստիկ ներկայացուցիչների հետ՝ քննարկելու հայկական վարդերի արտահանման հնարավորությունները դեպի Նիդերլանդներ։
Ըստ դեսպանատան մամուլի հաղորդագրության՝ Royal Flora Holland-ի միջոցով վաճառք իրականացնել ցանկացող հայ վարդաբույծները պետք է մշակեն միայն պաշտպանված սորտեր և վճարեն ռոյալթի հոլանդական սելեկցիոն ընկերություններին՝ մշակման լիցենզիա ստանալու համար.
Royal Flora Holland-ի հետ համագործակցության 2 եղանակ կա՝
1) Աճուրդին մասնակցություն
2) Ուղղակի վաճառք Royal Flora Holland-ի առցանց հարթակի միջոցով։
Աճուրդի դեպքում ծաղիկները ֆիզիկապես ուղարկվում են Նիդերլանդներ, իսկ օդային փոխադրումն ավելի նախընտրելի է վարդերի թարմությունն ու բարձր գինն ապահովելու համար։ Կան հոլանդական ներմուծող ընկերություններ, ինչպիսիք են Red Sky-ն և Easy Flora-ն, որոնք մասնագիտացած են լոգիստիկայի և ներմուծման ընթացակարգերի աջակցության գործում։
Հայաստանի կառավարությունն այժմ սուբսիդավորում է վարդերի արտահանումը՝ 37 դրամ մեկ վարդի դիմաց, և պատրաստ է քննարկել տարբեր սցենարներ։