Հայաստանի կողմից Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) բյուջե մուծումներ չկատարելու հարցը քննարկվում է։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։
«Այո՛, այդ հարցը քննարկվում է։ Բոլորովին վերջերս Կազանում արտգործնախարարների խորհրդի նիստ է տեղի ունեցել, որտեղ նախարարները մանրամասն քննարկել են այդ հարցը։ Կարծում եմ` Հայաստանը արդեն երրորդ տարին է, որ չի վճարում անդամավճարը», – Մինսկում անցկացվող «Ազգային անվտանգություն։ Բելառուս 2026» ցուցահանդեսի շրջանակում լրագրողներին ասել է Մասադիկովը։
Նա նշել է, որ Հայաստանը գործնականում չի մասնակցում կազմակերպության աշխատանքներին, թեպետ դե յուրե ՀԱՊԿ–ի լիիրավ անդամ է։ Միևնույն ժամանակ Մասադիկովն ընդգծել է, որ ՀԱՊԿ անդամակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացնի հայ ժողովուրդը և Հայաստանի ղեկավարությունը։
Հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի կողմից անդամավճարը չվճարելու պատճառով ՀԱՊԿ-ը կքննարկի կազմակերպության կանոնադրության այն հոդվածը կիրառելու հարցը, որով կարգավորվում են իր պարտավորությունները չկատարող անդամ երկրների նկատմամբ գործողությունները:
ՀԱՊԿ կանոնադրության 20-րդ հոդվածի համաձայն` եթե անդամ պետությունները երկու տարվա ընթացքում չեն մարում կազմակերպության նկատմամբ բյուջետային պարտքերը, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել այդ պետության քաղաքացիների՝ կազմակերպության շրջանակում քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքը և նրանց զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից, մինչև պարտքերը լրիվ մարվեն։
Բացի այդ, կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ եթե անդամ պետությունը չի կատարում կանոնադրության դրույթները, խորհրդի և այլ մարմինների ընդունած որոշումները, Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել նրան։ Այդպիսի անդամ պետության վերաբերյալ որոշումները կայացվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։
Sputnik Արմենիա