Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի․/ԱՌԿԱ/․ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություններ է կատարել Ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրում:
«Նախագծի մշակումը և ընդունումը պայմանավորված է ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակում ջերմատնային արտադրանք արտահանող տնտեսվարողների համար Ռոսսելխոզնադզորի կողմից կիրառվող սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով լրացուցիչ արտոնություն տրամադրելու անհրաժեշտությամբ», – նշեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարը նշեց, որ ծրագրի շրջանակում ներկայումս կնքված է 20 պայմանագիր, և հիմնվում են 91,5 հեկտար ջերմատնային տնտեսություննե, որոնցից 34,5 հեկտարն արդեն իսկ հիմնվել է և թողարկում է արտադրանք:
Նոր նախագծով առաջարկվում է, որ այս 34,5 հեկտարի շահառուների համար, որոնց վարկային արտոնյալ ժամկետն ավարտվել է, սահմանվեն լրացուցիչ արտոնություններ։
«Եթե մինչև հուլիսի 1-ն անցկացված մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցվել է և 2026 թվականի ընթացքում իրականացրել է գյուղատնտեսական արտադրանքի արտադրություն, վաճառք, վարկի համար սահմանված առավելագույն 8 տարի ժամկետը երկարաձգել 6 ամիս ժամկետով և սահմանված 12 ամիս արտոնյալ ժամկետից բացի տրամադրել լրացուցիչ 6 ամիս՝ վարկի մայր գումարի և տոկոսադրույքի արտոնյալ ժամկետի համար», – ասաց նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, որ հիմնական լարվածությունները, որ կարող են այս շրջանում լինել կապված են վարկերի մարման գրաֆիկների հետ։
«Հիմա գործնականում կառավորությունն ասում է հետևյալը. հարգերի տնտեսվարողներ, 6 ամիսների ընթացքում դուք կարող եք դրա մասին չմտահոգվել. գնացեք, այն նոր շուկաների հնարավորություները, որ մենք ձեզ համար բացել ենք, գնացեք, հանգիստ նոր շուկաներին հարմարվեք և սկսեք աշխատել արտահանման նոր ուղղություններով», – նշեց վարչապետը։
Նախարարը նշեց, որ սահմանված ծառայությունից օգտվելու համար շահառուն մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը կարող է դիմել ֆինանսական կառույցին` դիմումին կից ներկայացնելով ՊԵԿ ի կողմից տրամադրված 2026 թվականին իրացված գյուղատնտեսական արտադրանքի տեղեկանք և Էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված տեղեկանք` մոնիթորինգի արդյունքներով ջերմատունը կառուցած լինելու վերաբերյալ։