Չնայած շոկերի պակաս չկար՝ ըստ էության, ունեցել ենք դրական զարգացումներ. ԿԲ նախագահի տեղակալ
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Չնայած շոկերի պակաս չկար թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհում, եթե նայենք մեր մակրոտնտեսական վիճակին, ինչն արտացոլվում է վարկանիշային ընկերությունների գնահատականի մեջ, մենք, ըստ էության, ունեցել ենք դրական զարգացումներ: Այդ մասին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ընթացքում հայտնեց ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, որը վերաբերում էր միջազգային վարկանիշային գործակալությունների կողմից Հայաստանին տրված գնահատականին:
ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ իրենք կարծում էին, որ ավելի դրական պետք է լինի՝ հաշվի առնելով գործողությունները:
«Որովհետև ամենակարևոր բանը, որ ՀՀ կառավարությունը և Կենտրոնական բանկը արել են, դա եղել է պարտքի կայունությունը, չնայած աննախադեպ շոկերին, այսինքն՝ անիմաստ ֆիսկալ ծախսեր չեն կատարվել, եղել են հիմնականում ներդրումներ, նաև գնաճը չի զոհաբերվել, այսինքն՝ մենք ունեցել ենք միաժամանակ ցածր գնաճ, ինչը, կարծում եմ, շատ կարևոր է»,- ասաց նա: