Վերջին ընտրություններում նույնիսկ ԿԸՀ հրապարակած տվյալներով հազիվ 49 տոկոս քվե ստացած Նիկոլ Փաշինյանը «ընտրական սեգրեգացիայի», պարզ ասած՝ քաղաքացիների զտման կամ սորտավորման նոր եղանակներ է մտմտում: Այսինքն՝ ի՜նչ «մտմտալ», մի ամբողջ օրենքի նախագիծ են կազմել: Այն, եթե հակիրճ ու պատկերավոր ասենք, յուրօրինակ քաղաքական ռասիզմի դրսևորում է:
Ինչի՞ մասին է խոսքը:
Ինչպես հայտնի է, դեռևս լիազորությունների ժամկետի մեջ գտնվող ԱԺ-ն, ՔՊ-ի միակուսակցական վիճակում և պայմաններում (ընդդիմությունը բոյկոտեց նիստը) քննարկեց նախագիծ, որով ցանկանում են սահմանել, որ ընտրություններին մասնակցելու իրավունք ունենան միայն այն քաղաքացիները, որոնք քվեարկությանը նախորդող կես տարվա ընթացքում գտնվել են Հայաստանի Հանրապետության տարածքում: Հարցն այն չէ միայն, որ նման կարևոր նախագիծը քննարկվում է կամ ներկայացվեց «բոլ շևիկյան» միակուսակցական ռեժիմում: Կշրջանցենք նաև այն, որ լիազորությունների ժամկետն ավարտող խորհրդարանի կողմից (այն էլ՝ միակուսակցական վիճակներում) նման օրինագիծ քննարկել կամ ընդունելը քաղաքական ու տարրական էթիկայից դուրս է, առավել ևս՝ լուրջ կասկածներ է հարուցում այսպիսի շտապողականությունն այն դեպքում, երբ տրամաբանորեն հաջորդ ընտրությունները հինգ տարի անց պիտի լինեն:
Իսկ ըստ էության, ներկայացված նախագիծը քաղաքացու սահմանադրական իրավունքներն ու ազատությունները կամայականորեն սահմանափակելու դրսևորում է: Ու շատ խոցելի է: Ենթադրենք, մարդը արտագնա աշխատանքով է ապրում, տուն պահում և, հասկանալի պատճառներով, տարվա մեծ մասն արտերկրում է: Ուրեմն, ի՞նչ, ինքնաբերաբար զրկվում է քվեարկելու իրավունքի՞ց: Կամ, ենթադրենք, մարդը սովորում է արտերկրում, ուրեմն՝ զրկվո՞ւմ է իր սահմանադրական իրավունքից: Կամ մարդը արտերկրում բուժվում է, նա՞ էլ է զրկվում: Ի՞նչ իրավունքով:
Կամ այդ ինչի՞ց են վերցրել, որ, օրինակ՝ Ռուսաստանից եկած քաղաքացիները «Նիկոլին դեմ» են քվեարկել, իսկ, օրինակ՝ Նիդեռլանդներից եկածները՝ «Նիկոլի օգտին»…
Առհասարակ, ո՞վ է այդ «ի ցար, ի բոգը», որ քնել, քնել, մեկ էլ որոշել է, թե ով իրավունք ունի քվեարկելու, իսկ ով՝ ոչ:
Մի խոսքով, սա թե՛ իրավական, թե՛ սահմանադրական իրավունքի, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով շատ վիճելի, բավականին խոցելի մոտեցում է:
Սակայն այստեղ հիմնականը այդ մոտեցման հեղինակի ավտոկրատիզմն է, մարդկանց շարունակաբար բաժանելու, տարբեր խմբերի «սորտավորելու», այդ խմբերը միմյանց դեմ տրամադրելու, ներքին ատելություն ու թշնամանք սերմանելու անփոփոխ գործելակերպը: Այսինքն, այս ամենը պատահական չէ:
Կա տեսակետ, որ Փաշինյանին «ընտրական սորտավորումը» պետք է, որպեսզի Սահմանադրության փոփոխության հանրաքվեն Ալիևի ցանկացած ձևով կարողանա անցկացնել: Դա համոզիչ կարող էր թվալ, սակայն եթե ունես մի ԿԸՀ, որը գրիչի կամ ձեռքի շարժումով կարող է միանգամից 60 հազար օրինական քվե ոչնչացնել, ապա հազիվ թե նման ձևականությունների ետևից ընկնելու կարիք լինի: Մյուս կողմից էլ՝ այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանը մտածում է, թե՝ «լավ, էլ ի՞նչ անեմ, որ մարդիկ ելնեն փողոց, որ… հոգիս փառավորվի…»:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: