Վարչարարական սխալների գինը․ Կառուցապատողների Ասոցիացիայի նախագահը բարձրացրել է անձնական պատասխանատվության հարցը

Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստում քննարկվել է արդարադատության ոլորտի առաջիկա յոթ տարիների զարգացման ռազմավարության նախագիծը։

Նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է ռազմավարության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով, որ այն միավորում է դատաիրավական, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, քրեակատարողական և պրոբացիայի, ինչպես նաև իրավապահ համակարգի բարեփոխումները։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանն ու վեճերի արտադատական կարգավորման մեխանիզմների զարգացմանը։ Նշվել է, որ ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարության ներդրման արդյունքում դատարաններ մուտքագրվող հայցերի թիվը նվազել է շուրջ 60 տոկոսով, իսկ առաջիկայում նախատեսվում է զարգացնել նաև աշխատանքային վեճերի հաշտարարության համակարգը։

Նիստի ընթացքում ելույթ է ունեցել նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը՝ ուշադրություն հրավիրելով վարչարարության արդյունավետության և պաշտոնատար անձանց պատասխանատվության խնդրի վրա։

Գրիգորյանի խոսքով՝ վարչական մարմինների ոչ իրավաչափ կամ ոչ արդյունավետ գործողությունների հետևանքով վնասներ են պատճառվում քաղաքացիներին և բիզնեսին, որոնք հետագայում դատարանների որոշումներով հատուցվում են պետական կամ համայնքային բյուջեների միջոցներից։ Սակայն, ըստ նրա, հանրային հասանելի տվյալները ցույց են տալիս, որ նման դեպքերում գրեթե չեն կիրառվում օրենքով նախատեսված հետադարձ պահանջի՝ ռեգրեսի մեխանիզմները այն պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց գործողությունների կամ անգործության հետևանքով այդ վնասները պատճառվել են։

Ասոցիացիայի նախագահը նշել է, որ եթե վարչարարության ոլորտում անձնական պատասխանատվության գործնական մեխանիզմները չեն կիրառվում, դժվար է ակնկալել, որ իրականացվող բարեփոխումները կբերեն կայուն և երկարաժամկետ արդյունքների։

Մանրամասները՝ տեսանյութում.

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment