Եթե այս անգամ 3 ընտրատեղամասում անվավեր հայտարարեցին քվեարկության արդյունքները, հաջորդ անգամ կարող են 30 կամ 150 ընտրատեղամասում նույնն անել և իշխանությանը նորից ճանաչել բացարձակ չեմպիոն. Մենուա Սողոմոնյան. «Փաստ»

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանն ընդգծում է՝ ամենաաղետալի և պետականության հիմնասյուներին հարվածող խախտումը «Բարգավաճ Հայաստանին» մանդատներից զրկելն էր՝ օրենքի կոպտագույն ոտնահարմամբ։ «Այն, ինչ արեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հարված է պետականության հիմնասյուներին, հարված է ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու ավանդույթին։ Սա լուրջ հարված է, որի հետևանքները դեռևս շատ երկար զգալու ենք, զգալու ենք այն իմաստով, որ մեր գիտակից քաղաքացիները չեն գնալու ընտրության, որովհետև նրանց շրջանում խոր հիասթափություն է առաջանալու այն իմաստով, որ կարելի է գրչի մեկ հարվածով ցանկացած տեղամասում անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները՝ որևէ անցողիկ ուժին մանդատներից զրկելու համար։ Եթե այս անգամ կարող է երեք ընտրատեղամասում անվավեր հայտարարել քվեարկության արդյունքները, հաջորդ անգամ կարող է 30 կամ 150 ընտրատեղամասում նույնն անել և իշխանությանը նորից ճանաչել բացարձակ չեմպիոն։ Սա կարևորագույն խախտումն էր։

Այս ամենի համախումբը հաշվի առնելով, այս ամենի վերաբերյալ արտաքին ուժերի՝ Հայաստանի Հանրապետության գործընկեր կառույցների և երկրների ու առաջին հերթին արևմտյան ժողովրդավարությունների աչք փակելը զուտ աշխարհաքաղաքական նկատառումներից ելնելով՝ մեզ տալիս է հաստատակամություն ասելու, որ ընտրությունները եղել են կեղծված, չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը, ազատությունը, չեն համապատասխանել ժողովրդավարության նորմերին և ընթացակարգերին»,-հավելում է նա։

Ընտրությունների արդյունքների հրապարակումից մի քանի օր անց դատախազությունը սկսեց դիմել ԿԸՀ՝ պատգամավորության թեկնածու մի շարք ընդդիմադիր գործիչների անձեռնմխելիությունից զրկելու համար։ Նիկոլ Փաշինյանը «վհուկների որս» է սկսել։ Ինչո՞ւ «հաղթող» ուժը չի հանդարտվում։ «Շարունակում է իր այս գործելաոճը, որովհետև զգում է՝ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր չունի, ամուր հենարան չունի, իր իշխանությունը հիմնված է բռնության վրա, և կարող են իրավիճակներ փոխվել ու դրանցում հանդես գան ընդդիմադիր առաջնորդներ, ովքեր կարող են սասանել իր իշխանության հիմքերը։ Այդ պատճառներով նա ցանկանում է ընդդիմության ինստիտուտը խեղդել իր բնում, որպեսզի ընդդիմություն առհասարակ չլինի, և միևնույն ժամանակ երկրում լինի վախի մթնոլորտ, որ ոչ ոք չհամարձակվի քաղաքականությամբ զբաղվել։ Նա դա անում է, որպեսզի ցույց տա՝ այս երկրում քաղաքականությամբ զբաղվում է մեկ մարդ, և այդ մեկ մարդն ինքն է»։

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment