Ես որևէ մեղք չեմ գործել և համաձայն չեմ մեղադրանքի ոչ մի կետի հետ։ Հունիսի 17-ին Վերաքննիչ դատարանի նիստում այս մասին հայտարարել է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։
Սրբազանը հիշեցրել է, որ արդեն մոտ մեկ տարի է, ինչ կալանավորված է (այժմ՝ տնային կալանքի տակ), սակայն Բագրատ և Արշակ սրբազանների ընկերակցությամբ բանտում անցկացրած օրերը համարում է հրաշալի, իր կյանքի լավագույն շրջաններից մեկը, քանի որ այդ ընթացքում նա հնարավորություն է ունեցել կենտրոնանալ հոգևոր կյանքի վրա։
«Բայց դա չի նշանակում, թե ես պետք է շնորհակալություն հայտնեմ նրանց, ովքեր իրենց նպատակների համար ստեղծեցին այս իրավիճակը։ Նրանք պատասխան են տալու, եթե ոչ օրենքի առաջ, ապա Աստծո առաջ՝ անպայման։ Ես մեկ տարի ապօրինի կալանքի տակ եմ մնացել։ Մեղք չեմ գործել, համաձայն չեմ մեղադրանքի և ոչ մի կետի հետ։ Ինձ մեղավոր չեմ համարում ու չեմ համարելու։ Ես անմեղ եմ Հայաստանի առաջ ու անմեղ էլ մնում եմ. կյանքս նվիրել եմ Հայաստանին ծառայելուն, և վիրավորական է, որ ինձ դատում են «հանուն Հայաստանի»։ Սա ինձ համար անձնական ողբերգություն չէ, այլ, ինչպես ասում են՝ «за державу обидно»», — հայտարարել է Միքայել Աջապահյանը՝ հավելելով, որ բոլոր եպիսկոպոսների դեմ քրեական գործեր են հարուցված՝ բացառությամբ մեկի, ում անունը նա չի նշել, որպեսզի նրա դեմ էլ գործ չբացեն։
«Ստախոսներ, որոնք ենթարկվում են գլխավոր ստախոսին՝ գլխավոր դատախազը, Քննչական կոմիտեի նախագահը, արդարադատության նախարարը, նույնիսկ Մարդու իրավունքների պաշտպանը։ Դրա համար պատասխան լինելո՞ւ է։ Իմ ապօրինի կալանքի տակ գտնվելու համար պատասխան տալո՞ւ են։ Պատասխան տալու ժամանակը կգա», — վստահություն է հայտնել Աջապահյանը։
News.am