ՀՀ ԱԽ քարտուղարի և Ադրբեջանի նախագահի օգնականի հանդիպման նպատակը խաղաղության դինամիկայի գործընթացը վերականգնելն էր. Փաշինյան


Կառավարությունը արձակուրդի մեջ է եղել, և պրոցեսներ էին եղել, և շատ կարևոր էր մեզ համար, որ խաղաղության գործընթացն ընկնի իր դինամիկայի մեջ: Պարզվեց, որ այդ նույն ընկալումը կա նաև Ադրբեջանում: Այդ մասին Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի՝ Դիլիջանում տեղի ունեցած հանդիպմանը:


Ըստ Փաշինյանի՝ այդ հանդիպման նպատակը խաղաղության դինամիկայի գործընթացը վերականգնելն էր:  


«Մեր փորձը ի՞նչ է ցույց տվել, որ երկկողմ ուղիղ շփումները շատ կարևոր են, ընդ որում՝ այդ ձևաչափով երբեք ՀՀ-ում կամ Ադրբեջանի Հանրապետությունում հանդիպում տեղի չէր ունեցել, և առաջին անգամ էր, որ տեղի ունեցավ Հայաստանում, և, ենթադրաբար, հաջորդն էլ տեղի կունենա Ադրբեջանում: Եվ շատ կարևոր է, որ սրանով Հայաստանը և Ադրբեջանը հաստատում են իրենց հավատարմությունը խաղաղության օրակարգին»,- ասաց նա:

Leave a comment