ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը բացման խոսքով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորման 12-րդ տարածաշրջանային երկխոսության» աշխատաժողովում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը բացման խոսքով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորման 12-րդ տարածաշրջանային երկխոսության» աշխատաժողովում

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդգար Մկրտչյանը մասնակցել է Եվրոպայի, Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի «Կենսաբազմազանության ֆինանսավորման 12-րդ տարածաշրջանային երկխոսություն» աշխատաժողովին, որը մեկնարկել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Կենսաբազմազանության ֆինանսավորման նախաձեռնությամբ (BIOFIN):

Իր ելույթում նախարարի տեղակալն ընդգծել է, որ կենսաբազմազանությունն այսօր ոչ միայն բնապահպանական, այլև տնտեսական և սոցիալական կայունության կարևոր բաղադրիչ է։ Նրա խոսքով՝ կենսաբազմազանության կորուստն անմիջական ազդեցություն է ունենում պարենային անվտանգության, ջրային ռեսուրսների, առողջապահության, գյուղական համայնքների կենսապահովման, զբոսաշրջության և կլիմայական դիմակայունության վրա, ուստի այն պահանջում է պետական ֆինանսների առավել ռազմավարական և նպատակային կառավարում։

Էդգար Մկրտչյանը նշել է, որ տարածաշրջանային երկխոսությունն անցկացվում է Հայաստանի համար կարևոր ժամանակահատվածում, քանի որ այս տարվա հոկտեմբերին Երևանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP17)։ Նա ընդգծել է, որ ֆինանսավորումն ու դրա համար նպաստավոր պայմանների ձևավորումը COP17-ի հայաստանյան նախագահության առանցքային առաջնահերթություններից են Կունմինգ-Մոնրեալի գլոբալ կենսաբազմազանության շրջանակի նպատակների առաջմղման համատեքստում։

Էդգար Մկրտչյանն ընդգծել է, որ հայկական նախագահությունը հատուկ ուշադրություն է դարձնելու ռեսուրսների մոբիլիզացմանը, ինչը գլոբալ կենսաբազմազանության նպատակների իրականացման կարևոր նախապայման է։

Անդրադառնալով ֆինանսավորման ծավալներին՝ Էդգար Մկրտչյանը նշել է, որ վերջին հինգ տարիների ընթացքում երկրում կենսաբազմազանության պահպանությանն ուղղվող պետական ծախսերն աճել են շուրջ 2.5 անգամ։ Նա ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանության ոլորտում ձևավորված իրավական և քաղաքական հիմքերի հետ մեկտեղ կարևոր է ամրապնդել քաղաքականության նպատակների, ֆինանսավորման կարիքների գնահատման, ինստիտուցիոնալ համակարգման և իրականացման գործիքների միջև փոխկապակցվածությունը։

Մկրտչյանը բարձր է գնահատել ՄԱԶԾ BIOFIN ծրագրի շրջանակում ձևավորված համագործակցությունն ու փորձի փոխանակման հարթակը՝ նշելով, որ այն նպաստում է կենսաբազմազանության ֆինանսավորման արդյունավետ մեխանիզմների մշակմանն ու կիրառմանը։

Ամփոփելով ելույթը՝ նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ աշխատաժողովի ընթացքում նախատեսվող քննարկումներն ու ձեռք բերված փորձը կնպաստեն ազգային բնապահպանական նպատակների առավել արդյունավետ իրականացմանը և միջազգային հանձնառությունների կատարմանը։

Leave a comment