ՀՀ վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին առաջարկում ենք ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ՝ հերթական հայրենատվության արարը թույլ չտալու համար. «Ժառանգություն»

«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 2026 թվականի ԱԺ հերթական ընտրությունների վերաբերյալ

2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները ոչ միայն չհանգուցալուծեցին, այլ էլ ավելի խորացրին և բորբոքեցին ներհասարակական և ներքաղաքական ճգնաժամը, ինչը ակնհայտորեն պայմանավորված էր իշխող քաղաքական միավորի՝ վերջին տարիների հակապետական ու հակահայկական գործունեությամբ, երբեմն էլ՝ անգործությամբ:

«Ժառանգություն» կուսակցությունը, հիմք ընդունելով նախընտրական, բուն ընտրական և հետընտրական ժամանակահատվածը, արձանագրում է։

Ա. 2026 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած՝ ԱԺ հերթական ընտրությունները տեղի են ունեցել անհավասար մրցակցության, պետական ռեսուրսի ակնհայտ չարաշահման, իրավապահ համակարգի աչառու վերաբերմունքի պայմաններում, ինչը էական ազդեցություն է թողել մեր հայրենակիցների ազատ կամարտահայտության վրա։

Բ. ԿԸՀ-ի հրապարակած ամփոփիչ արձանագրության մեջ արտահայտված թվերն ու տոկոսները խնդրահարույց են, չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ առանց այն էլ խաթարված կամքին, ժողովրդավարության սկզբունքներին և իրավական վիճարկման ակնառու տարրեր և դրվագներ են պարունակում։

Գ.Իշխող քաղաքական միավորը հետայսու այլևս չունի լեգիտիմ աջակցություն. նույնիսկ իրենց իսկ կողմից նկարված թվերն ու տոկոսները ցույց են տալիս՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հիսուն և ավելի տոկոսը չի աջակցում նրանց քաղաքական ծրագրին և օրակարգին։

Դ.Իրողությունների համակողմանի և արդար վերլուծությունը ցույց է տալիս, որ ընտրական գործընթացում ներգրավված ընդդիմադիր ոչ բոլոր առաջնորդներն ու թիմերը ցուցաբերեցին պետական մտածողություն՝ չկարողանալով ձևավորել և մեր հայրենակիցների դատին ներկայացնել հասարակական բոլոր շերտերն ու գույները ներառող քաղաքական այլընտրանք:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք Հայաստանի Հանրապետության վտանգված ապագայով մտահոգ բոլոր ուժերին, հակազավթողական ու սահմանադրական պայքարի առաջնորդներին ձևավորել ընդհանուր օրակարգ և հակաիշխանական պայքարի միասնական ճակատ՝ հերթական հայրենատվության արարը թույլ չտալու համար:

Հայրենիքը բոլորինս է, հաղթանակը՝ ժողովրդինը:

«Ժառանգություն» կուսակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment