Artsakh Monuments ֆեյսբուքյան էջի հրապարակած տվյալների համաձայն՝ արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Աստղաշեն գյուղում գտնվող երկու հուշարձան՝ մեկը՝ Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների, մյուսը՝ Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հիշատակին նվիրված։ Այս ֆոնին հարց է առաջանում՝ ռուսական կողմը, մասնավորապես ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որևէ արձագանք կտա՞ խորհրդային զինվորների հիշատակին նվիրված հուշարձանի ոչնչացմանը։
«Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին։
Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։ Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Գյումրու համայնքապետարանը հայտնել էր, որ անհայտ անձինք վանդալիզմի են ենթարկել քաղաքի խորհրդանիշներից մեկը՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրը՝ պոկելով համալիրի տարածքում տեղադրված հերոս քաղաքների անվանումների ոսկեգույն տառերը։
Ռուսական տեղեկատվական շրջանակները շտապեցին միջադեպը որակել որպես ռուսատյացության արտահայտություն։ Դեպքին անդրադարձան ռուսաստանաբնակ բլոգեր Միկա Բադալյանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ ակնկալելով Հայաստանի իշխանությունների գնահատականը տեղի ունեցածի վերաբերյալ։