DeepSeek-ը ներդրումային փուլի շրջանակում գնահատվել է ավելի քան 50 մլրդ դոլար

DeepSeek-ը ներգրավել է ավելի քան 50 մլրդ յուան (7,4 մլրդ դոլար) իր առաջին ներդրումային փուլի շրջանակում և գնահատվել է ավելի քան 50 մլրդ դոլար՝ դառնալով Չինաստանի ամենաթանկ արհեստական բանականության ստարտափը, գրում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

DeepSeek-ի հիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Լյան Վենֆենը ներդրել է ամենամեծ գումարը՝ շուրջ 3 մլրդ դոլար։ Պետական National Artificial Intelligence Industry Investment Fund հիմնադրամը տրամադրել է 150 մլն դոլար ֆինանսավորում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ներդրումային փուլին մասնակցելու մտադրություն ունեին տեխնոլոգիական հսկա Tencent-ը և մարտկոցների արտադրող Contemporary Amperex Technology-ն (CATL), որոնք նախատեսում էին DeepSeek-ում ներդնել համապատասխանաբար մինչև 1,5 մլրդ դոլար և 750 մլրդ յուան։

WSJ-ն ուշադրություն է հրավիրում ներդրումային փուլի անսովոր կառուցվածքի վրա, որը մշակվել է ստարտափի նկատմամբ հիմնադրի վերահսկողությունը պահպանելու նպատակով։ Ներդրողներին առաջարկվել է միջոցներ ներդնել ոչ թե անմիջապես ընկերությունում, այլ DeepSeek-ի CEO-ի կառավարման ներքո գտնվող գործընկերությունում, ինչպես նաև ստանձնել բաժնետոմսերի վաճառքի հնգամյա մորատորիում պահպանելու պարտավորություն։

DeepSeek-ը նախատեսում է ներգրավված միջոցներն ուղղել հետազոտություններին և մշակումներին, ինչպես նաև հաշվողական ենթակառուցվածքի ընդլայնմանը։

DeepSeek-ը լայն ճանաչում ստացավ 2025 թվականի սկզբին՝ թողարկելով AI մոդել, որի արդյունքները համադրելի էին ամերիկյան մրցակիցների ցուցանիշների հետ՝ չնայած առաջատար տեխնոլոգիաներին և միջազգային մասնագետներին Չինաստանի սահմանափակ հասանելիությանը։ Ապրիլին ստարտափը ներկայացրեց իր նոր V4 AI մոդելը։

Leave a comment