ՀՀ–ում հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը բավականին ցածր է` 11% է. հետազոտություն

Բաժանորդագրվել

Հետազոտությունները իրականացվել են և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում, ու բնակավայրը հիմնականում կապ է ունեցել հայրիկների տեղեկացվածության հետ։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. ՀՀ 4 մարզում ավելի քան 380 աշխատող հայրիկի շրջանում հետազոտություններ են անցկացվել` պարզելու, թե ինչպիսին է երկրում հայրության արձակուրդից օգտվելու տարածվածությունն ու ինչ խնդիրներ կան դրա վերաբերյալ։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց ԵՊՀ Սոցիալական հետազոտությունների իննովացիոն կենտրոնի տնօրեն Արեն Մկրտչյանը։

Նշենք, որ 2020 թվականից ի վեր ՀՀ–ում հայրերը երեխայի ծնվելուց հետո իրավունք ունեն 5 աշխատանքային օր վարձատրվող արձակուրդ վերցնել։

«Հետազոտությունները սկսել ենք իրականացնել 2026 թվականի մարտ ամսին։ ՀՀ 4 մարզում է իրականացվել հետազոտությունը` Շիրակում, Լոռիում, Արագածոտնում և Տավուշում։ Հետազոտության հիմնական նպատակն է եղել գնահատել, թե որքանով են մարդիկ տեղյակ հայրության արձակուրդի, դրանից օգտվելու գործնների մասին։ Հետազոտությունն արվել է 384 աշխատող հայրիկի շրջանում։ Այս ուսումնասիրությունների արդյունքում պարզել ենք, որ հայրության արձակուրդից օգտվելու մակարդակը մնում է բավականին ցածր` 11 %»,– նշեց Մկրտչյանը։

Նրա խոսքով` հետազոտությունները իրականացվել են և՛ քաղաքային, և՛ գյուղական համայնքներում, ու բնակավայրը հիմնականում կապ է ունեցել հայրիկների տեղեկացվածության հետ։

Ըստ փորձագետի` հայրության արձակուրդից անձինք չեն օգտվել նաև այն պատճառով, որ երեխայի խնամքով արդեն իսկ զբաղվող եղել է, օրինակ` տատիկները։ Հաճախ նաև հարցվածներն ասել են, որ երեխային խնամելը կնոջ պատասխանատվությունն է, ոչ թե տղամարդու։ Խնդիրն ավելի շատ տեսնում են գյուղական համայնքներում հայկական մտածելակերպի մեջ։

Leave a comment