Զրուցել ենք ԿԸՀ նախկին անդամ, փաստաբան Գեորգի Մարտիրոսյանի հետ:
– Փաստորեն, 60 հազար քաղաքացու ձայնն անտեսվեց ԿԸՀ-ի կողմից: 3 ընտրատեղամասի արդյունքներն անվավեր ճանաչելով եւ վերաքվեարկություն չնշանակելով՝ Վահագն Հովակիմյանը ցույց տվեց, որ իր համար կարեւորը ոչ թե քաղաքացու ընտրական իրավունքն է, այլ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը: Ի՞նչ կարծիք ունեք այս պրոցեսների մասին: Եթե օրենքն ասում է, որ նման դեպքերում պետք է վերաքվեարկություն անցկացնել, ինչո՞ւ դա չարվեց:
– Թեպետ ես ծանոթ չեմ փաստական հիմքերին, սակայն, իմ խորին համոզմամբ, այս որոշումը բավականին խնդրահարույց որոշում է: Գուցե հիմնավոր որոշում է, գուցե` ոչ հիմնավոր, սակայն ես խնդիր եմ տեսնում:
– Քանի որ Դուք ծանոթ եք Ընտրական օրենսգրքին, կարո՞ղ եք ասել, թե ինչ մեխանիզմներ են գործում, եւ նման դեպքերում, երբ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվում, ի՞նչ գործընթացներ պետք է հաջորդեն:
– Օրենքն ասում է, որ վերաքվեարկություն պետք է լինի, եթե անվավեր են ճանաչվում տեղամասերի արդյունքները, կլինի երեք ընտրատեղամաս, թե ավելի: Բայց քանի որ ես փաստական հանգամանքներին ծանոթ չեմ, չեմ կարող հստակ ասել:
– Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ ընտրակաշառք է բաժանվել, մարդկանց շահագրգռել են եւ այլն: Փաստացի Փաշինյանը պնդում է, որ ընտրություններն ազնիվ ճանապարհով չեն ընթացել, այդ դեպքում ինչո՞ւ ընտրությունների արդյունքները ԿԸՀ-ն չի ճանաչում անվավեր:
– Երբ բարձրաձայնվում է ընտրակաշառքի մասին, ընտրության ողջ արդյունքները դրվում են կասկածի տակ, ու կապ չունի, թե այդ հայտարարությունները որ կողմից են հնչում: Անմեղության կանխավարկածի հարց կա` ընտրակաշառքի հետ կապված, դատարանի վճիռ է պետք, հարց է` կլինի՞ այն, թե՞ չի լինի կամ երբ կլինի: Ենթադրությունների վրա հիմնվել չի կարելի եւ չի կարելի ընտրությունների արդյունքները ենթադրությունների հիման վրա ճանաչել ոչ լեգիտիմ: Դատական ակտ է հարկավոր` ուժի մեջ մտած, որտեղ կնշվի, որ կոնկրետ ինչ-որ ուժեր ընտրակաշառք են բաժանել:
– Դուք նորմա՞լ եք համարում, որ ԿԸՀ նախագահը կուսակցական է, թեկուզ ոչ դե ֆակտո, սակայն դե յուրե, եւ ենթարկվում է Փաշինյանին:
– Օրենքն այլ բան է ասում: ԿԸՀ նախագահը պետք է լինի անաչառ եւ չհարի որեւէ կուսակցության:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: