Նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և զենքի մատակարարում Ուկրաինային․ G7 երկրների խոստումը


 Ֆրանսիայում կայացած «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում երկրները համաձայնել են նոր պատժամիջոցներ կիրառել ռուսական գազի և նավթի դեմ։ Այս մասին ասվում է «Մեծ յոթնյակի» առաջնորդների եզրափակիչ հայտարարության մեջ։


 


«Մենք պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի ռազմական տնտեսության վրա։ Այս համատեքստում կուժեղացնենք մեր պատժամիջոցները, այդ թվում՝ նավթի և գազի ոլորտի դեմ միջոցառումները», – ասվում է փաստաթղթում։


 


Նշվում է, որ հիմա «հարմար պահն» է Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների համար, քանի որ Դոնալդ Թրամփը համաձայնագիր է կնքել Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ, որով անցնում են նավթի և գազի մեծ ծավալներ։


 


«Մեծ յոթնյակի» երկրները հայտարարել են նաև, որ «միասնական են Ուկրաինային իրենց անսասան աջակցության հարցում, որը պաշտպանում է իր ազատությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»։


 


«Վերահաստատում ենք մեր համերաշխությունն Ուկրաինայի ժողովրդին, որը տառապում է կարևորագույն ենթակառուցվածքների և մշակութային ժառանգության վրա հարձակումներից։ Մենք բարձ ենք գնահատում Ուկրաինայի դիմակայունությունը և վերջին ամիսներին մարտադաշտում ձեռք բերված հաջողությունները և ընդգծում ենք այնտեղ այժմ նկատվող նոր թափը», – շարունակում է հայտարարությունջ։


 


Առաջնորդները համաձայնել են ավելացնել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի, խափանող սարքերի, հեռահար հրթիռների և այլ զենքի մատակարարումները։ Նրանք նաև խոստացել են քննարկել Ուկրաինային այնպիսի լիցենզիաներ տրամադրելու հնարավորությունը, որոնք թույլ կտան ավելացնել ռազմական արտադրությունը երկրի տարածքում։


 


Ավելին` G7-ը խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային էներգետիկայի ոլորտում՝ առաջիկա ձմռանը գոյատևելու հարցում։


 


G7-ի կազմում են Գերմանիան, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Ճապոնիան և Կանադան։

Դիտումների քանակ6

Leave a comment