Երեւի դատական համակարգը հասկանում է՝ ՄԻԵԴ-ի ձեռքից չի պրծնելու. Արա Զոհրաբյանը՝ Միքայել սրբազանի կալանքը այլ խափանման միջոցով փոխելու որոշման մասին

-Բոլորն էլ հասկանում են՝ Միքայել արքեպիսկոպոսը հանիրավի կալանքի տակ է, ընդ որում խոսքով կատարված արարքի համար: Արդեն երկար ամիսներ կալանքի տակ է, 63 տարեկան է, ընդ որում արքեպիսկոպոս է: Գիտենք բազմաթիվ դեպքեր, երբ ծանր հանցագործության մեջ մեղադրվողները դրսում են կամ տնային կալանքի տակ: Այսինքն՝ այդ տարբերակված մոտեցումը շատ ակնառու էր: Նաեւ այսօր երեւի դատական համակարգը հասկանում է՝ ՄԻԵԴ-ի ձեռքից չի պրծնելու: Այս ճչացող խախտումներն իրենց դեմ են ուղղվելու,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Միքայել սրբազանի պաշտպաններից Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով արքեպիսկոպոսի խափանման միջոց կալանքը տնային կալանքով ու համակցված բացակայելու արգելքով փոխարինելու Վերաքննիչ դատարանի որոշմանը:

Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Միքայել սրբազանի խափանման միջոց կալանքը փոխվեց համակցված խափանման միջոց տնային կալանք, բացակայելու արգելքով: Դատարանը կիրառեց սահմանափակումներ՝ հեռախոսային խոսակցությունների համար, միեւնույն ժամանակ, դատարանը թույլատրեց շփումները՝ թեմից մեկ հոգևորականի, մերձավոր ազգականների եւ բժշկի հետ։ Պաշտպանական թիմը միջնորդեց նաեւ արքեպիսկոպոսին թույլատրել մասնակցի պատարագներին իր բնակավայրի կողքին գտնվող Յոթ Վերք եկեղեցում:

Արա Զոհրաբյանը չի կասկածում, որ խափանման միջոց կալանքի փոփոխությունը եւս քաղաքական որոշման հետեւանք էր, ինչպես կալանքի որոշումը. «Չեմ կասկածում, որ քաղաքական որոշում է եղել: Բայց քաղաքական որոշումը կարող է լինել նաեւ արտաքին ճնշումներից, միջազգային կառույցներից, հանրության, լրագրողների հրապարակումներից: Այս դրական ճնշումը իրենց քաղաքական կեցվածքի վրա բան փոխեց»:

Զոհրաբյանը նաեւ անդրադառնալով Միքայել սրբազանի գործով ՄԻԵԴ դիմելուն՝ ասաց՝ վստահ է՝ ՄԻԵԴ-ում հաջողություն են ունենալու:

Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment