Լեւոն XIV Պապը եւ Աճեմօղլուն՝ արհեստական բանականության վտանգների մասին

Ներկայացնում ենք Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) տնտեսագիտության պրոֆեսոր, 2024 թվականի տնտեսագիտության ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիր Դարոն Աճեմօղլուի հոդվածը՝ գրված Project Syndicate-ի համար: 
Դարոն Աճեմօղլու
Արհեստական բանականությունը (ԱԲ) փոխում է մեր հաղորդակցվելու, տեղեկատվություն ստանալու եւ աշխատելու ձեւը, եկամուտների ու սոցիալական կարգավիճակի բաշխումը եւ նույնիսկ այն, թե ինչպես ենք պատերազմներ վարում։ Մինչդեռ հանրային քննարկումները դեռեւս հանգում են ԱԲ արտադրողների միջեւ մրցակցությանը կամ այս տեխնոլոգիայի հնարավորությունների մասին վերացական վեճերին։ Գրեթե ոչ ոք հարց չի տալիս, թե ինչ նպատակի պետք է ծառայի ԱԲ-ն, եւ արդյոք մեր ներկայիս պատկերացումները, ինստիտուտներն ու վերահսկողության մեխանիզմները ունակ են դրա զարգացումն ուղղելու հանուն հասարակության  ավելի լայն շերտերի բարօրության ապահովմանը։
Այդ պատճառով ոգեւորիչ էր տեսնել, որ Հռոմի պապ Լեւոն XIV-ն անդրադարձել է այս թեմային իր առաջին կոնդակում՝ ԱԲ-ի զարգացման ներկայիս հետագիծը որակելով որպես լուրջ սպառնալիք մարդկային արժանապատվությանը։ Որպես տնտեսագետ, որը վաղուց է պնդում, որ տեխնոլոգիական առաջընթացի արդյունքները ընտրության, այլ ոչ թե ճակատագրի հարց են, ողջունում եմ նրա միջամտությունը։
Պապն առաջ է անցնում մեկնաբանների մեծ մասից՝ նշելով, որ «տեխնոլոգիան երբեք չեզոք չէ, քանի որ կրում է իրեն ստեղծողների, ֆինանսավորողների, կարգավորողների եւ օգտագործողների գծերը»։ Եվ այնուամենայնիվ, մտավախություն ունեմ, որ անգամ Պապը բավականաչափ խորը չի անդրադարձել ամենակարեւոր հարցին. ինչի՞ համար է ստեղծվում արհեստական բանականությունը։
ԱԲ-ն կարող է գնալ բազմաթիվ ուղիներով, որոնցից յուրաքանչյուրը հեռուն գնացող հետեւանքներ ունի հասարակության համար։ Օրինակ՝ նա իրավացի է, երբ կասկածի տակ է դնում ԱԲ-ի ներկայիս կիրառումը ռազմական ոլորտում եւ իրավապահ համակարգում։ Այն, ինչ ընդամենը մի քանի տարի առաջ տաբու էր՝ ԱԲ-ի միջոցով բնակչության հետեւելը, ոչնչացման թիրախներ ընտրող ալգորիթմները, այսօր նորմա է դառնում։
Մինչ Սիլիկոնային հովտում շատերը կոչ են անում ԱՄՆ-ին ամրապնդել իր «կոշտ ուժը» նոր ռազմա-ալգորիթմական համալիրի միջոցով, պապ Լեւոն XIV-ը զգուշացնում է. «Ցանկացած տեխնոլոգիա, որը թույլ է տալիս հարվածներ հասցնել մարդուն՝ առանց նրա դեմքը տեսնելու, նվազեցնում է հակամարտության բարոյական շեմը»։
Տեխնիկական առաջընթացն ու բարոյական առաջընթացը նույնական չեն։ Այն, ինչ տեխնիկապես իրագործելի է, պարտադիր չէ, որ օգտակար լինի մարդկության համար։ Այս կամ այն տեխնոլոգիայի ցանկալի լինելը կախված է նրանից, թե ով է այն կառավարում, նրանց գաղափարախոսությունից եւ շահերից։
Լեւոն XIV-ն ակնարկում է այն, ինչ ես համարում եմ ամենահրատապ սպառնալիքը. ԱԲ-ն, «խոստանալով բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ իր վրա վերցնելով առօրյա միօրինակ առաջադրանքները, հաճախ ստիպում է աշխատողներին հարմարվել մեքենաների արագությանն ու պահանջներին, աշխատավորների հետ համահունչ աշխատող մեքենաներ ստեղծելու փոխարեն»։ 
Սակայն պապը կանգ է առնում՝ կասկածի տակ չդնելով ԱԲ-ի մշակման գերիշխող փիլիսոփայությունը։ Ոլորտի մոտեցումը կառուցված է մարդկային կարողությունների նմանակման եւ մարդկային աշխատանքի ավտոմատացման վրա՝ նպատակ ունենալով ստեղծել «արհեստական ընդհանուր բանականություն», որն ունակ է անելու այն ամենը, ինչ անում է մարդը։
Այս փիլիսոփայության հիմքում այն սխալ ենթադրությունն է, թե մեքենայական եւ մարդկային բանականությունը սկզբունքորեն նման են։ Մենք հիպոթեզներ ենք կառուցում մի քանի օրինակների հիման վրա, մտովի մոդելավորում ենք հնարավորությունները եւ կատարելագործում մեր ընկալումը փորձերի ու սխալների սոցիալական գործընթացի միջոցով։ Հենց այդ պատճառով են երեխաները յուրացնում լեզուն՝ ընդօրինակելով մի քանի բառ, ընդհանրացնելով դրանք եւ սրբագրելով իրենց խոսքը՝ ի պատասխան շրջապատի արձագանքի։ Իսկ մենք վատ ենք հաղթահարում տեղեկատվության հսկայական զանգվածների յուրացումը կամ չկառուցվածքավորված տվյալների մեջ նշանակալի օրինաչափությունների որոնումը։
ԱԲ մոդելները, ընդհակառակը, գերազանց են աշխատում ուսուցողական հսկայական ընտրանքների հետ եւ մեծ մասշտաբներով ճանաչում են օրինաչափությունները, սակայն դեռեւս չեն դրսեւորում իսկական ստեղծագործական մոտեցում։ Նրանց հասանելի չէ աշխարհում ֆիզիկական գոյության փորձառությունը, իսկ ֆիզիկական ու սոցիալական իրականության հետ փոխազդեցության միջոցով՝ փորձերի ու սխալների մեթոդով սովորելու նրանց կարողությունը խիստ սահմանափակ է։
Երբ երկու երեւույթ տարբեր են, որպես կանոն, անհնար է, օգտագործել մեկը մյուսին ընդօրինակելու համար։ Մեծ սխալ կլիներ, եթե 1990-ականներին Chicago Bulls-ի լեգենդար մարզիչ Ֆիլ Ջեքսոնը ստիպեր Մայքլ Ջորդանին պատճենել այն ամենը, ինչ անում էին Սքոթի Պիպենն ու Դենիս Ռոդմանը։ Թիմն անընդմեջ նվաճում էր չեմպիոնի տիտղոսները հենց այն պատճառով, որ խաղացողներն աշխատում էին համատեղ՝ լրացնելով միմյանց կարողությունները։
Նույնը վերաբերում է ԱԲ-ին եւ մարդկային ունակություններին։ ԱԲ-ն կիրառելը այնպիսի բաների համար, որ մարդիկ չեն կարող անել, ավելի մեծ արդյունք է տալիս, քան ուղղակի մարդուն կրկնօրինակելը։ Այն ապագայում, որտեղ ԱԲ-ն ոչ թե դուրս է մղում, այլ ընդլայնում է մարդկային հնարավորությունները, էլեկտրիկներին կօգներ ԱԲ-ի վրա հիմնված ախտորոշումը, բուժքույրերը կխորհրդակցեին ԱԲ-ի հետ ախտանիշների մեկնաբանման ժամանակ, իսկ ուսուցիչները կօգտագործեին ԱԲ-ն յուրաքանչյուր աշակերտի ուսուցումն անհատականացնելու համար։
Լավատեսներն ու ոլորտի ներկայացուցիչները կարող են առարկել, թե ավտոմատացումը՝ որպես ԱԲ-ի առաջնահերթություն, միեւնույն է, ընդունակ է օգուտ բերել բոլորին, սակայն այս փաստարկը վատ պատմություն ունի։ Թվային ավտոմատացման չորս տասնամյակներն արդեն իսկ կենտրոնացրել են օգուտները վերնախավի ձեռքում, դատարկել են միջին որակավորման աշխատատեղերը եւ բերել համախառն արտադրողականության հուսահատեցնող աճի։ Ոչ մի հիմք չկա ակնկալելու, որ ավտոմատացման նոր՝ էլ ավելի հզոր ալիքն այլ կերպ կավարտվի։
Պապ Լեւոն  XIV-ը իրավացի է՝ բարոյական հստակության եւ լուրջ հանրային քննարկումների կոչ անելով։ Սակայն խոսակցությունը պետք է դուրս գա սոսկ կոչերի շրջանակից եւ անցնի կոնկրետ լուծումների՝ հակամենաշնորհային միջոցներ գերիշխող հարթակների դեմ, պետական ներդրումներ մարդակենտրոն ԱԲ-ում, հսկողության համակարգերի եւ ինքնավար զենքերի կարգավորում։
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները:
Copyright: Project Syndicate, 2026.
www.project-syndicate.org 

Leave a comment