Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի․/Նովոստի-Արմենիա/․ ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցությունը նույնպես կդիմի Սահմանադրական դատարան` ընտրությունների արդյունքները վիճարկելու համար։
«Այո՛, մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան, այո՛, ընտրության արդյունքները վիճարկելու ենք, և՛ բովանդակային, և՛ ընթացակարգային հարցերը բարձրացնելու ենք ու հասնելու ենք նրան, որպեսզի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչվեն», – ասաց կուսակցության անդամ Արմեն Գալստյանը ասուլիսի ժամանակ։
Ավեկի վաղ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես հայտարարել էին, որ կդիմեն Սահմանադրական դատարան` ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:
Ընտրությունների մասին
Հայաստանի ԿԸՀ-ն կիրակի օրը՝ հունիսի 14-ին, ներկայացրեց հունիսի 7-ին կայացած Ազգային ժողովի ընտրությունների վերջնական արդյունքները։ Ընտրություններին մասնակցում էր 18 քաղաքական ուժ։
ԿԸՀ վերջնական տվյալների համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ձայների 49,745%-ը (64 պատգամավորական մանդատ), ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,271%-ը (29 մանդատ), ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը՝ 9,923%-ը (12 մանդատ)։
Մեկ այլ ընդդիմադիր ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), հավաքել է ձայների 3,989%-ը՝ չնչին մասով չհաղթահարելով անցողիկ նվազագույն շեմը (4%):
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել երեք ընտրական տեղամասերի քվեարկության արդյունքները։
ԲՀԿ-ն հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել վերոնշյալ երեք ընտրատեղամասերից երկուսի քվեարկության արդյունքները։ Ընդ որում, դատարանն արձանագրել է խախտումը և կրկնակի քվեարկություն նշանակելու անհրաժեշտությունը։
Հունիսի 15-ին ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ կրկնակի քվեարկություն չի անցկացվի, քանի որ դա կարող է հանգեցնել ընտրողների իրական կամքի խախտմանը և խաթարել արդար ու հավասար ընտրությունները։