ԲԿ-ին պատկանող մոտ 186 միլիոն դրամը «կրվել է» օնլայն կազինոյում, մեղայականով հայտնել է դեպքի մասին «Հրապարակ»

Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրեն Արամայիս Գրիգորյանի գործը գնացել է դատարան, քննվելու է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի վարույթում։ ԲԿ տնօրենը Վեդիի ավագանու անդամ էր եւ Վեդիի ՔՊ-ական ղեկավար Գարիկ Սարգսյանի մտերիմ ընկերը։

Արամայիս Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «Վեդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն եղած ժամանակ (2019-2026 թթ.) ծառայողական լիազորություններն օգտագործելով եւ գլխավոր հաշվապահ Արմինե Սիմոնյանի օժանդակությամբ 2023-2026 թվականներին կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 185 մլն 971 հազար 917 դրամի գույքի հափշտակություն։ Առանձնապես խոշոր չափերով վստահված գույքի հափշտակության հոդվածով քրեական գործ է հարուցվել դեռ փետրվարի 17-ին, սակայն մինչեւ հանրային աղմուկը, ՔՊ-ականը դատավարական կարգավիճակ չի ունեցել։ Արամայիս Գրիգորյանը ԲԿ-ին պատկանող մոտ 186 միլիոն դրամը «կրվել է» օնլայն կազինոյում։

Գրիգորյանի պաշտպան Ռոլանդ Ավոյանը «Հրապարակ»-ին ասաց, որ իր պաշտպանյալն ընդունում է մեղադրանքը, վերջինս անձամբ դիմել է դատախազություն եւ պատմել, թե ինչ է արել․ «Ոչ միայն մեղադրանքն ընդունում է, այլ նաեւ ինքը մեղայականով հայտնել է դեպքի մասին, քրեական վարույթը նախաձեռնվել է իր իսկ հաղորդման հիման վրա, այսինքն՝ իրավապահներին այդ տեղեկատվությունը հասու է դարձվել հենց իմ վստահորդի կողմից գլխավոր դատախազին ներկայացված մեղայական հաղորդման հիման վրա։ Այս խնդրի մասին թե՛ իրավապահները, թե՛ լրագրողները իմացել են, երբ իմ վստահորդը գլխավոր դատախազին ներկայացրել է հաղորդում»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment