Առհասարակ, եթե գտնում են, որ հաղթող են, ապա պիտի արդեն տրամադրվեին երկրի համար գործ անելու, աշխատելու: Չէ, դա արդեն Նիկոլ Փաշինյանն ու իր ՔՊ-ն չեն լինի: Դա նորմալ քաղաքական ուժերի պարագայում է տրամաբանական:
Իսկ Նիկոլ Փաշինյանը ուղղակի շարունակում է աղմկել ու «բլոգերություն» անել: Գրեթե ամբողջ ընտրարշավի ընթացքում նա խոսել է հիմնականում բռնությունների, ռեպրեսիաների, անձնական ունեցվածքի ու սեփականության բռնազավթման մասին: Ու կիրառել է, ի դեպ: Գրեթե ոչինչ կամ հիշարժան ոչինչ՝ տնտեսության, ժողովրդի սոցիալական վիճակի, խնդիրներ լուծելու մասին:
Նույնն անում է նաև ընտրություններից հետո: Նորից խոսում է ունեզրկելուց, նստեցնելուց, կուսակցություններ փակելուց և այլն: Ու այդ ամենը՝ գռեհկագույն բառապաշարով ու պահվածքով: Ասում է՝ «թավիշը» վերջացավ: Կարելի է կարծել, թե 8 տարի շարունակ քաղաքական հալածանքներ ու հետապնդումներ, «գործսարքոցիներ» և այլ այլանդակ դրսևորումներ չեն եղել:
Բայց այն, ինչ ասվում է հիմա, արդեն հստակ ազդանշան է, որ Փաշինյանը Հայաստանը թափով գլորում է դեպի բացարձակ բռնապետության անդունդը: Եթե կուզեք՝ վիհը: Առավել ևս, որ յուր քպականները, կարծես ստանդարտ «շպարգալկայով», նույն մտքերն են իրենց էջերում գեներացնում՝ կարծես մրցելով, թե ով ավելի շատ կքծնի «շեֆին»: Դե, ցուցակների խնդիր արդեն չկա, ընտրություններն անցան, հիմա հերթը պաշտոնները պահելունը կամ ստանալունն է:
Այն, ինչ հիմա հայտարարում ու նաև անում է Փաշինյանի իշխանությունը, արդեն հստակ ախտորոշում է. ոչ մի օգտակար կամ հանրօգուտ գործ կամ նախաձեռնություն, միայն վնասարարություն, միայն վատություն, չարություն, ատելության սերմանում, բռնություններ ու սպառնալիքներ: Վնասարարության, մանրախնդրության ցեցը հանգիստ չի տալիս նրանց:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: