Ներկայացնում ենք ռուսաստանցի քաղաքագետ, «Միջազգային վերլուծություն» ամսագրի գլխավոր խմբագիր Սերգեյ Մարկեդոնովի Почему парламентские выборы не прекратили борьбу за “новую Армению”? հոդվածի թարգմանությունը (որոշ կրճատումներով):
Սերգեյ Մարկեդոնով
ԽՍՀՄ փլուզումից եւ անկախության ձեռքբերումից հետո Հայաստանն ունեցել է 6 նախագահական եւ 9 խորհրդարանական ընտրարշավ։ Ընդ որում, երկրում երեք անգամ՝ 10 տարվա ընդմիջումներով, փոխվել է Սահմանադրությունը։ Այս փոփոխությունների շնորհիվ Հայաստանը նախ նախագահականից վերածվեց նախագահական-խորհրդարանական, իսկ հետո՝ խորհրդարանական հանրապետության։
Ինչո՞ւ էր 2026 թվականի խորհրդարանական ընտրարշավը շատերի կողմից ընկալվում որպես բացառիկ իրադարձություն։ Այս ընտրություններն անվանում էին թե՛ «պատմական», թե՛ Անդրկովկասի նոր աշխարհաքաղաքական պատկերը ձեւավորող։
Արտաքին հետաքրքրությունը հայաստանյան քաղաքական դինամիկայի նկատմամբ վերջին մի քանի ամիսներին իսկապես շատ ուժեղ էր։ Երեւան ժամանեցին ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ընդ որում, Ջեյ Դի Վենսը դարձավ պատմության մեջ ամերիկյան առաջին փոխնախագահը, որն այցելեց Հայաստան։ Նիկոլ Փաշինյանին ընտրությունների նախաշեմին աջակցության խոսքեր հղեց անձամբ Դոնալդ Թրամփը։ Երեւանը միաժամանակ հյուրընկալեց երկու եվրոպական գագաթնաժողով (Եվրոպական քաղաքական համայնքի եւ ԵՄ-Հայաստան)։ Հայ-ռուսական փոխգործակցության ռազմավարական հեռանկարները քննարկվեցին ոչ միայն անձամբ Վլադիմիր Պուտինի եւ Նիկոլ Փաշինյանի կողմից Մոսկվայում, այլեւ Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում։ Հայաստանի վարչապետն այնտեղ չէր, սակայն Հայաստանն ու նրա ապագան՝ ինտեգրացիոն նախագծի շրջանակներում թե դրանից դուրս, հանդիպման կենտրոնական հարցերից մեկն էր։
Ընդունելով աշխարհաքաղաքական գործոնի կարեւորությունը՝ չմոռանանք, որ ընտրությունները ցանկացած երկրում նախեւառաջ նրա ներքին գործն են։ Եթե նայենք այս տեսանկյունից, ապա պետք է արձանագրել. հայաստանյան 2026 թվականի ընտրարշավն տարբերվում էր գույների բազմազանությամբ։ Այստեղ կային եւ՛ սուր, սահմանագծային, իսկ հաճախ նաեւ՝ սահմանից դուրս բանավեճեր, եւ՛ «նախկինների» ու «թավշյաների» շարունակվող դիմակայությունը, եւ՛ խոստումնալից «երրորդ ուժի» հայտնվելը։
Հայաստանյան տրանզիտ. ներքին եւ արտաքին գործոնները
2026 թվականի խորհրդարանական ընտրարշավը դարձավ վերջին 9 տարվա ընթացքում առաջին հերթական համաժողովրդական կամքի արտահայտությունը։ 2018 եւ 2021 թվականներին Ազգային ժողովի պատգամավորների ընտրությունները արտահերթ էին։ Առաջին դեպքում դրանք տեղի էին ունեցել «թավշյա հեղափոխությունից» հետո եւ, ըստ էության, լեգիտիմացրին Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի իշխանության գալը։ Երկրորդ դեպքում արտահերթ ընտրություններն անցկացվեցին ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի կրած պարտությունից հետո եւ ազգային աղետի պայմաններում յուրօրինակ հանրաքվեի դեր խաղացին կառավարության վստահության վերաբերյալ։
2026 թվականի ընտրությունները առաջինն են հետղարաբաղյան իրականության մեջ։ Ըստ էության, դրանք սթրես-թեստ դարձան քաղաքական համակարգի եւ այն նոր գաղափարախոսական սկզբունքների համար, որոնք առաջ քաշվեցին Նիկոլ Փաշինյանի կողմից երկու ռազմական պարտություններից, Լեռնային Ղարաբաղի կորստից եւ այնտեղի հայ բնակչության տեղահանումից հետո ընկած ժամանակահատվածում։ Հինգ տարի առաջ Փաշինյանն ու իր համախոհները կարող էին ներկայանալ որպես Հայաստանի քաղաքական համակարգի նորացման մարմնավորում։ 2026 թվականին նրանց արդեն կարելի էր համարել «հնաբնակներ», չէ՞ որ հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանության ղեկին էր յոթ տարուց պակաս, իսկ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ 10-ական տարի։ 2026 թվականի հունիսին տարած հաղթանակից հետո Փաշինյանի թիմը նախկին ռեկորդները գերազանցելու բոլոր հնարավորություններն ունի եւ ընդհանուր առմամբ կարող է իշխանության ղեկին մնալ առնվազն 13 տարի։
Երկրորդը՝ Հայաստանում ընտրությունները ժամանակային առումով համընկան ազգային-պետական ինքնության նախկին հիմքերի արմատական փլուզման հետ։ Պատմաբաններ Բաբկեն Հարությունյանի եւ Ալեքսանդր Իսկանդարյանի թեթեւ ձեռքով հետխորհրդային Հայաստանի նախագիծը բնորոշվում էր որպես «ղարաբաղացում»։ Նախկին ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի՝ Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս համատեղ ինքնորոշման գաղափարը գերիշխում էր թե՛ քաղաքականության, թե՛ պատմական պատումներում։ Սակայն երկու ռազմական պարտությունները տապալեցին նախկին կառուցվածքները։ Ռազմաքաղաքական ռեսուրսների անբավարարությունը եւ հանրային ապամոբիլիզացիան՝ բնակչության զանգվածային ֆրուստրացիայի հետ մեկտեղ, կանխորոշեցին ցանկացած ռեւանշիստական փորձերի տապալումը։ 2020 թվականից հետո Ղարաբաղը հայերի համար չդարձավ այն, ինչ ֆրանսիացիների համար Սեդանի եւ Մեցի աղետից հետո Էլզասն ու Լոթարինգիան։ Առաջին պլան մղվեց «խաղաղության» գաղափարը։ Բայց, անկեղծ լինենք, ոչ թե հայ ընտրողների զանգվածների հանկարծակի սթափեցման շնորհիվ. այն ռազմական աղետի եւ ազգային տրավմայի արձագանքը դարձավ։
Երրորդը՝ դժվար է չնկատել, որ նախկին կառուցվածքները սերտորեն կապված էին հայ-ռուսական ռազմավարական դաշինքի գաղափարների ու գործելակերպի հետ։ Հիմա լավագույն ժամանակը չէ երկկողմ հարաբերությունների ճգնաժամում Մոսկվայի եւ Երեւանի պատասխանատվության աստիճանը որոշելու համար։ Սակայն Լեռնային Ղարաբաղի հայաթափումը, ռուս խաղաղապահների դուրսբերումը եւ Մոսկվայի կենտրոնացումը հատուկ ռազմական գործողության նպատակների ու խնդիրների վրա թուլացրին հայ-ռուսական կապը։
Եթե Հայաստանի նախկին բոլոր կառավարությունները արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացումը (կոմպլեմենտարիզմը) հասկանում էին որպես Ռուսաստանի հետ դաշնակցության համալրում Արեւմուտքում եւ Արեւելքում համագործակցային կապերով, ապա ներկայիս իշխանությունը խաղադրույք է կատարել ուժային տարբեր կենտրոնների միջեւ որոշակի հավասարակշռության վրա։ Արդյունքում Հայաստանը վերածվել է այնպիսի խաղացողների ակտիվ մրցակցության հարթակի, որոնց համար դժվար է միմյանց որպես ցանկալի գործընկերներ պատկերացնել։ Տեսության մեջ շատ գեղեցիկ է թվում «խաղաղության խաչմերուկի» կառուցումը Ռուսաստանի, Ամերիկայի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի եւ Վրաստանի հետ միասին, որն ուղեկցվում է Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմամբ։ Սակայն գործնականում նման կառուցվածքն անխուսափելիորեն անկայուն կլինի։
Եվ, վերջապես, Ադրբեջանի ու Թուրքիայի գործոնը։ Սա մի սյուժե է, որտեղ սահմանը ներքին քաղաքականության եւ արտաքին քաղաքական հիմնավորումների միջեւ գրեթե անտեսանելի է։ Բաքուն ուժի դիրքերից (Անկարայի լիակատար աջակցությամբ) Երեւանին թելադրում է հարաբերությունների կարգավորման առանցքային պայմանը՝ Սահմանադրության փոփոխությունը։ Սակայն պետության մայր օրենքը փոխելը՝ առանց խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալու, մեղմ ասած, բարդ է։
Ընտրություններն ունեն սկիզբ, սակայն չունեն վերջ
Քվեարկությունն ավարտվել է։ Բայց արդյո՞ք ավարտվել են ընտրությունները։ Եթե 2026 թվականի ընտրարշավը չսահմանափակենք լոկ թվաբանությամբ, ապա կարելի է ասել. հայաստանյան ազգային տրանզիտի պատմության մեջ մի գլուխ փակվեց, իսկ մյուսները գրվում են հենց մեր աչքի առաջ։
Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթել է։ Սակայն ոչ այն արդյունքով, որի հույսն ունեին իշխանությունները. ձայների ավելի քան 50%-ը հավաքել չհաջողվեց։ Իշխող կուսակցությունը յոթ աթոռ կորցրեց Ազգային ժողովում։ Եղած մանդատները կհերիքեն կառավարություն ձեւավորելու եւ Փաշինյանի համար վարչապետի պաշտոնում եւս մեկ հնգամյակ ապահովելու համար, բայց սահմանադրական մեծամասնության մասին նրանք ստիպված կլինեն մոռանալ։
Նույնիսկ եթե մի կողմ դնենք վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառումը, լկտիության տարրերով ուղեկցվող ագրեսիվ հռետորաբանությունը (հատկապես ղարաբաղցի հայերի հասցեին), միեւնույն է, պետք է խոստովանել. այսօրվա իշխանություններն հանրային աջակցության ռեսուրս ունեն։ Դրա պատճառները մի քանիսն են՝ փոփոխությունների վախը (վերջին հինգ տարում դրանք քիչ չէին Հայաստանում, եւ բոլորը կապված էին պատերազմների, էթնիկ զտումների, պարտությունների ու սկանդալների հետ), քաղաքացիական բախումների վախը, սոցիալական իներցիան եւ ֆրուստրացիան։
Բայց ոչ միայն դա։ Գաղափարների դեֆիցիտի ֆոնին Փաշինյանն առաջարկել է հարեւանների հետ խաղաղության եւ չորս տասնամյակ (շատերի կարծիքով՝ ավելի երկար) տեւած հակամարտության ավարտի հայեցակարգ։ Առաջին հայացքից՝ արժանի այլընտրանք է, որը հիմնված է քաղաքականության՝ որպես «հնարավորի արվեստի» մասին հին ու բարի պատկերացման վրա։ Սակայն մի նրբություն կա. «խաղաղությունը»՝ փաշինյանական տարբերակով, վերածվում է տոտալ «ապաղարաբաղացման», ինչը հնարավոր չէ պատկերացնել նմանատիպ այլ դեպքերում (հունգարացիներն ու Տրանսիլվանիան, ռումինացիներն ու մոլդովացիները եւ «մեծ միավորման» գաղափարը, սերբերն ու Կոսովոն, լեհերն ու Վիլնոն)։ Տարածքները կարելի է տանուլ տալ, կորցնել եւ նույնիսկ պաշտոնապես ճանաչել դա, բայց սեփական ներկայության հիշողության հետեւողական ջնջումը երբեմնի սրբազան տարածաշրջանից՝ հայկական know-how է։
Ընդդիմությունը չցուցաբերեց իր ողջ ներուժը, թեեւ չենք կարող չնկատել, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» դաշինքը, որի մեկ տարին դեռ չի էլ լրացել, ստացել է 340.088 ձայն (23,3%): Սակայն իշխանության հաղթանակն էլ իր յուրահատուկ կողմերն ունի. սա արդեն 2018 թվականի ընտրարշավի հիացական երանգները մնացել են անցյալում։ Առաջին պլան է մղվել վախը։ Ստացվում է՝ խոսում ենք խաղաղության մասին, բայց սպասում ենք հերթական սրացումներին:
Ընտրություններից հետո հարցերն ավելի շատ են, քան պատասխանները: Արդյո՞ք Փաշինյանի այս «կիսահաղթանակը» նրա կողմից կընկալվի որպես իշխանության ներառական մոդել կառուցելու եւ հասարակության հետ երկխոսության հնարավորություն, թե՞ որպես սեփական անսխալականության ու ընտրված կուրսի անայլընտրանքայնության դրսեւորում: Կկարողանա՞ն արդյոք ընդդիմադիրները հաջորդ տարի պայքարել Երեւանի համար, որտեղ կենտրոնացած է երկրի բոլոր ընտրողների ավելի քան մեկ երրորդը եւ որտեղ Փաշինյանը չունի գյուղական վայրերում իր ունեցած աջակցությանը համադրելի վարկանիշ:
Այսպես թե այնպես, պայքարը «սեփական Հայաստանի» համար շարունակվելու է: Եվ կարեւոր է հասկանալ, որ սա ոչ այնքան Ռուսաստանի եւ ԵՄ-ի միջեւ պրոքսի-դիմակայություն է, որքան հայկական ազգային-պետական շինարարության տարբերակների բախումը:
Թարգմանությունը՝ Մարթա Սեմյոնովայի
Այս հոդվածը թարգմանվել եւ հրապարակվել է «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան աջակցությամբ: Հոդվածում արտահայտված մտքերը պարտադիր չէ, որ արտացոլեն «Գալուստ Կիւլպէնկեան» Հիմնարկութեան կամ Մեդիամաքսի տեսակետները: