ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 15, 24News
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կարևոր քայլ են պատերազմի դադարեցման և բանակցությունների մեկնարկի ճանապարհին, սակայն վերջնական համաձայնագիրը դեռևս ձևավորված չէ։
Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
«Իրանը պատրաստվել է իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր տարբերակներին, և կառավարության ուշադրությունը կենտրոնացած է ժողովրդի ազնիվ ծառայության վրա՝ թե՛ համաձայնության առկայության, թե՛ դրա բացակայության պայմաններում»,- նշել է նա։
Փեզեշքիանի խոսքով՝ ինտենսիվ բանակցություններից հետո հավանության է արժանացել փոխըմբռնման հուշագրի տեքստը։
«Ամերիկայի՝ իրանցի ժողովրդի իրավունքները հարգելու իրական մտադրությունը պետք է ստուգվի գործնականում։ Գերագույն առաջնորդի ցուցումները մեծ դեր են ունեցել Իրանի ազգային շահերի պաշտպանությանը միտված դրույթների ներառման հարցում, և դրա համար մենք շնորհակալ ենք նրան»,- հայտարարել է Իրանի նախագահը։