ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին այն մասին, որ ընդդիմադիրներն ասում են՝ «ՔՊ-ն գողացավ ԲՀԿ-ի ձայները» եւ ամեն ինչ արեց, որպեսզի խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենա։
«Եթե խոսում ենք ընդդիմության մասին, իրենք նախ եւ առաջ պետք է պատասխան տան իրենց ընտրակաշառքների մասին։ Պատասխանատվության պետք է ենթարկվեն ինչպես կաշառք բաժանողները, այնպես էլ վաղ թե ուշ քաղաքական ուժերը պետք է պատասխանատվության ենթարկվեն, մասնավորապես, նրանց գլուխները։ Ինչ վերաբերում է կոնկրետ ընտրատեղամասերի քվեարկության չեղարկման հարցին, ապա չեղարկվել է ամբողջ ընտրատեղամասի քվեարկությունը, որտեղ նաեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը տրված ձայներն էին։ Չեմ հասկանում՝ մեղադրանքը ինչո՞ւմն է»,- ասաց Ծովինար Վարդանյանը։
Հարցին՝ եթե ՔՊ-ն պնդում է, «ընտրակաշառք է բաժանվել», ճիշտ չէ՞ր լինի ընտրության արդյունքը չեղարկել եւ նոր ընտրություններ նշանակել, Ծովինար Վարդանյանը պատասխանեց․ «Ես չասացի, որ խորհրդարանն ամբողջությամբ ոչ լեգիտիմ է, ես ասում եմ, որ ընդդիմադիր ուժերի կողմից բաժանված ընտրակաշառքները վկայում են այն մասին, որ իրենց ստացած ձայների առնվազն մի մասը լեգիտիմ չէ եւ ձեւավորված է ընտրակաշառքով։ Սա չի կարող ազդել 700 քանի հազար մարդկանց ձայների վրա, որոնք գնացել են եւ մեզ իրենց վստահության քվեն են տվել, որի արդյունքում մենք պարտավոր ենք գնալ այդ գործընթացի հետեւից, եւ, մասնավորապես, ընտրակաշառքի մասով իրավապահները պետք է կատարեն իրենց գործողությունները։ Եվ բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք կարծում են, որ կարելի է ժողովրդի իշխանությունը զավթել ոչ օրինական ձեւով, այն է՝ ընտրակաշառքի մեխանիզմով, պետք է պատասխան տան, որովհետեւ այստեղ կանգնած է պետության, պետականության հարցը»։
Նա շեշտեց, որ ՔՊ-ն այս ընտրություններում ստացել է ավելի շատ ձայներ, քան ստացել էր 2021-ին։ «Ինչ վերաբերում է հարցին, երբ դուք ասում եք, որ փոշիացված ձայների արդյունքում ենք ստացել մեծամասնություն, դա մեր «Ընտրական օրենսգրքի» բանաձեւն է, որը գործել է նաեւ 2021-ին։ Մեզ մտահոգում է այն, որ որոշ քաղաքական ուժեր մտածում են, որ կարելի է գալ, ՀՀ-ում զավթել ժողովրդի իշխանությունը՝ բաժանելով ընտրակաշառք։ Եվ մենք գնալու ենք այս հարցի հետեւից, այս հարցն առնվազն ոչ միայն մինչեւ մյուս ընտրություններ, այդ թվում՝ տեղական ինքնակառավարման մարմինների գալիք ընտրություններում պետք է արդեն լուծված լինի»,- հավելեց Վարդանյանը։
Դիտարկմանը, որ դատարանի որոշում չկա, բայց իշխող ուժի պատգամավորները հայտարարում են, թե ընդդիմությունը ընտրակաշառք է բաժանել, Ծովինար Վարդանյանը պատասխանեց․ «Այսինքն՝ դուք ուզում եք, որ ես չլսե՞մ ձայնագրությունները, ականջներս փակե՞մ, աչքերս փակե՞մ, ինչպես անում են սովորաբար ընդդիմադիր լրատվամիջոցները»։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին իրավապահները «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել լքել ՀՀ տարածքը: Տեսանյութը տարածվել էր լրատվամիջոցներում։ Հարցին, թե ինչպե՞ս էր ԱԱԾ այդ տեսանյութը հայտնվել իշխանամերձ լրատվամիջոցներում, Ծովինար Վարդանյանը պատասխանեց․ «Խնդրում եմ այդ հարցերը տալ Ազգային անվտանգության ծառայությանը»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: