Մերձավոր Արևելքում խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Պետք է դիվերսիֆիկացնենք մեր մատակարարման ուղիները և զարգացնենք այլընտրանքային արտահանման միջանցքներ՝ նվազեցնելու Հորմուզի նեղուցի խցանման ազդեցությունը. X-ում գրառմամբ նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

«Ողջունում եմ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը՝ մի քանի գործընկերների շարունակական դիվանագիտական ջանքերից հետո։

Հիմա առաջնահերթությունը դրա արագ և լիարժեք իրականացումն է բոլոր կողմերի կողմից։ Այս համաձայնությունը պետք է հնարավորություն տա անմիջապես վերաբացել Հորմուզի նեղուցը։

Նավագնացության ազատությունը պետք է վերականգնվի՝ առանց վճարների։ Սա էական է տարածաշրջանային կայունության և համաշխարհային տնտեսության համար։ Այն բացում է դուռը դեպի ավելի լայն բանակցություններ՝ Մերձավոր Արևելքում խաղաղության և անվտանգության շուրջ։ Եվ պետք է վերջ դնի Իրանի միջուկային և բալիստիկ ծրագրերին, ինչպես նաև տարածաշրջանում նրա ապակայունացնող գործողություններին։ Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքում խաղաղություն չի կարող լինել, քանի դեռ Լիբանանը կրակի մեջ է։

Եվրոպան կրկին կոչ է անում բոլոր կողմերին հարգել Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և իրականացնել իսկական հրադադար։ Էվիանում (Évian-les-Bains քաղաք Ֆրանսիայում- խմբ.) G7 առաջնորդները կհանդիպեն Ծոցի և ավելի լայն Մերձավոր Արևելքի գործընկերների հետ։ Եվրոպան պատրաստ է իր դերը կատարել։

Այս ճգնաժամը նաև հստակ դաս է պարունակում․ էներգետիկ կախվածությունները կրկին վերածվել են զենքի։

Պետք է դիվերսիֆիկացնենք մեր մատակարարման ուղիները և զարգացնենք այլընտրանքային արտահանման միջանցքներ՝ նվազեցնելու Հորմուզի նեղուցի խցանման ազդեցությունը։

Այս հարցը և ավելին կքննարկենք Էվիանում,- նշել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment