Արդարադատության նախարարությունը մշակել է ոլորտի նոր ռազմավարություն, որտեղ նախատեսում են իրավապահ համակարգի բարեփոխում:
«Նախկինում մենք ավելի մակերեսային ենք անդրադարձել իրավապահ համակարգի բարեփոխումներին, դրանց անդրադարձել ենք ավելի շատ հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում: Մնացած ռազմավարությունները հիմնականում վերաբերել են դատական բարեփոխումներին: Հիմա մեր գործընկերների հետ քննարկումների արդյունքում որոշել ենք շատ մանրամասն անդրադառնալ իրավապահ, այդ թվում` քննչական մարմիններին: Պետք է տարանջատենք, որ անվտանգության վերաբերյալ ռազմավարությունն այլ ռազմավարություն է լինելու, ուժային կառույցների կերպափոխմանը, բարեփոխումներին առնչվող հարցերը զետեղված են լինելու ոչ թե արդարադատության ոլորտի, այլ անվտանգության ոլորտի ռազմավարության շրջանակներում»,- այսօր նոր ռազմավարության վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Ըստ նրա՝ ռազմավարության առաջին նպատակի շրջանակներում առանձնացրել են դատական բարեփոխումները՝ ընդգծելով վեճերի արտադատական լուծման եղանակների զարգացման կարեւորությունը. «Մեր պատկերացումներով՝ առաջիկա յոթ տարիների ընթացքում փորձելու ենք մեր ռազմավարությունը ու գործողությունները մշակել այնպես, որ արտադատական մեխանիզմները լինեն արդյունավետ եւ կատարելագործված, որը հնարավորություն կտա վեճերի արագ ու որակյալ լուծում ու կբեռնաթափի դատարանները: Մշակում ենք պարտադիր հաշտարարության ինստիտուտը աշխատանքային վեճերի մասով»:
Գալյանի խոսքով` ամենամեծ խնդիրը մնում է Վարչական դատարանի ծանրաբեռնվածությունը. «Մեր նպատակներից շատերը վերաբերում են վարչական վարույթների արտադատական կարգով լուծմանը, քննարկման կարիք ունենք, նոր մարմնի, օրինակ` մինչ գերատեսչական մարմնի ստեղծման հնարավորություններն այս Սահմանադրության համատեքստում սահմանափակ են: Շարունակում ենք լուծումներ փնտրել: Սահմանադրության նոր նախագծում հստակ նախատեսված է վեճերի արտադատական լուծման հնարավորությունը»:
Նախարարն ասաց, որ մարդու իրավունքների համատեքստում իրենց շեշտադրումները խտրականության, խոշտանգումների դեմ պայքարն է, նախարարությանը ենթակա մարմինների համատեքստում պատժի կրման պայմանների վերանայումը, կարգապահական պատասխանատվությունների նվազումը: Նախատեսում են, որ կարգապահական տույժերը կնվազեն:
«Դատաիրավական բարեփոխումների համատեքստում արդյունավետ դատաքննությունը մեր ուշադրության կենտրոնում է շարունակելու մնալ, դա հնարավոր է ապահովել մի շարք գործողություններով: Պետք է վերանայենք դատավորների ու իրավապահ համակարգի բարեվարքության ստուգման մեխանիզմները: Պետական ապարատում բարեվարքության ստուգման կոռուպցիոն ռիսկերի գնահատման ռիսկերը պետք կատարելագործենք»,- հավելեց Գալյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: