Փաշինյանն Աննա Հակոբյանին գործուղում է Նյու Յորք

Հասարակություն

15.06.2026 | 15:32

«Վարչապետի տիկին Աննա Հակոբյանին 2026 թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 4-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)` Առաջին տիկնանց համաշխարհային ակադեմիայի (Global First Ladies Academy) չորրորդ ամենամյա միջոցառմանը մասնակցելու նպատակով»,-ասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ, որը ստորագրվել էր հունիսի 11-ին:

Գործուղման հետ կապված ծախսերը հոգալու է վարչապետի աշխատակազմը (օրապահիկը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք), հուլիսի 4-ին՝
տարանցիկ վայր (Վիեննա), գիշերավարձը՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 3-ը ներառյալ (Նյու Յորք):

Հիշեցնենք՝ փետրվարի 27-ին Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամուսնությունն ավարտվել է, իսկ ինքը լքում է կառավարական առանձնատունը։ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին հայտարարել էր, որ հարգանքով է վերաբերվում Աննա Հակոբյանի որոշմանը։  Ապրիլի 19-ին, սակայն, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Գյումրի,  այցի ընթացքում նրան ուղեկցում էր Աննա Հակոբյանը, ինչը տարբեր քննարկումների և խոսակցությունների առիթ էր տվել։

Ապրիլի 23-ի ճեպազրույցի ընթացքում լրագրողները Հակոբյանի հետ միավորման վերաբերյալ հարց էին ուղղել Փաշինյանին, որին նա այսպես էր արձագանքել․ «Երբ Աննան հայտարարություն արեց, ես հայտարարեցի, որ ես հարգանքով եմ վերաբերվում այդ որոշմանը, բայց չհայտարարեցի, որ հաշտ եմ այդ որոշման հետ։ Եվ ես, բնականաբար, այդ տրամաբանությամբ նաև ջանքեր եմ գործադրել, որպեսզի Ձեր ասած իրադարձությունը տեղի ունենա, և ուրախ եմ, որ դա տեղի է ունենում, և ուրախ եմ, որ ևս մեկ շանս ունեմ, որպեսզի մեր ընտանիքը պահպանվի»,- ասել էր Փաշինյանը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment