Քննարկվել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության խորացման օրակարգը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցչի հրավերով, մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը։ Աշխատանքային նախաճաշի ձևաչափով քննարկմանը մասնակցել են Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը և ԵՄ անդամ երկրների արտաքին գործերի նախարարներ ու ներկայացուցիչներ: ԵՄ գործընկերները շնորհավորել են նախարար Միրզոյանին Հայաստանում անցկացված ժողովրդավարական խորհրդարանական ընտրությունների և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ընդգծվել է ԵՄ և անդամ երկրների աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչման, եվրոպական ինտեգրման առաջմղման գործում քաղաքական հանձնառությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանում և Հայաստանի շուրջ զարգացումները նախընտրական և հետընտրական շրջանում՝ ընդգծելով այն, որ Հայաստանի քաղաքացիներն իր քվեարկությամբ վերահաստատեցին իրենց կամքն՝ ապրելու խաղաղության մեջ և պաշտպանելու անկախությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարական բարեփոխումների անշրջելիությունը, բարգավաճման ընտրված ուղին, ինչպես նաև Հայաստանի՝ եվրոպական հեռանկարների նկատմամբ ձգտումները։ Նախարար Միրզոյանը նշել է՝ հանգամանքը, որ ընտրություններից հետո առաջին այցը տեղի է ունենում ԵՄ հետ այս ձևաչափով քննարկման նպատակով՝ միտված ՀՀ-ԵՄ գործընկերության առավել խորացմանը, վկայում է երկուստեք առկա հանձնառության մասին։

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառության ավելացման, ՀՀ տնտեսական ու էներգետիկ դիմակայունության ավելացման ուղղությամբ կիրառելի մեխանիզմների և հնարավոր քայլերի շուրջ։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարում և տնտեսական կապերի դիվերսիֆիկացիայի ուղղությամբ մինչ այս ԵՄ և անդամ պետությունների կողմից ցուցաբերված աջակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել այս ուղղությամբ աշխատանքներն ինչպես ԵՄ կառույցների, այնպես էլ ԵՄ առանձին պետությունների հետ ակտիվ փոխգործակցությամբ։

Leave a comment