Ե՞րբ կվերականգնվի Երևան-Սևան ավտոճանապարհի փլուզված կամուրջը

Հունիսի 11-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի մոտակայքում, կայծակի հարվածից կամուրջ է փլուզվել, տուժածներ չկան, հաղորդում է Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայությունը:

Ըստ նախնական տվյալների՝ երեք ավտոմեքենա վնասվել է:

Այդ պահից սկսած մեծ խդնիր է առաջացել ճանապարհի այդ հատվածով անցնող մեքենաների համար, քանի որ երթևեկությունը դարձել է երկկողմանի և վարորդները ստիպված են մեկը մյուսին զիջելով շարունակել ճանապարհը։

Ե՞րբ կլուծվի խնդիրը. հատկապես այս փուլում այդ ճանապարհի դժվարանցանելի լինելը լուրջ խնդիրներ է առաջացնում. հանգստի համար դեպի Սևան, Դիլիջան և շատ այլ քաղաքներ գնալու միակ ճանապարհը դա է։

Հարցի պատասպանը ստանալու նպատակով MediaHub-ը դիմեց «Ճանապարհային դեպարտամենտ», որտեղից տեղեկացրին՝ Երևան-Սևան ճանապարհի՝ Չարենցավանի մոտ փլուզված կամուրջը ենթակա է վերակառուցման։ Քանի որ վերակառուցումը երկարատև գործընթաց է, այս պահին կարճաժամկետ կտրվածքով ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ վնասված տեղամասը ժամանակավորապես վերականգնելու ու տվյալ հատվածով երթևեկությունն ապահովելու համար։

Հիմնադրամից վստահեցրին, որ արվում է ամեն ինչ՝ կամրջի վերականգնման գործընթացը հնարավորինս շուտ կազմակերպելու նպատակով։

Ճշտող հարցին, թե ի՞նչ է առաջարկվում երթևեկության ծանրաբեռնվածությունից խուսափելու համար, պատասխանեցին՝ տվյալ հատվածում երթևեկությունը կազմակերպվում է հանդիպակաց գոտով։ Բացի այդ, վարորդները նշված ճանապարհը կարող են շրջանցել Հրազդանից Չարենցավան ու տվյալ ուղղությամբ գործող շրջանցիկ այլ ճանապարհներով։

Էմմա Մարտիրոյան

Leave a comment