Իսրայելը հայտարարել է, որ զորքերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանից ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակում

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական ուժերը դուրս չեն բերվի հարավային Լիբանանից՝ ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագրի շրջանակում, և որ այդ դիրքորոշումը փոխանցվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, գրում է CNN-ը։

«Իսրայելը դեմ է Լիբանանից բանակի դուրսբերմանը՝ չնայած առկա և սպասվող ճնշմանը»,- հայտարարել է Կացը՝ անուղղակիորեն ընդունելով, որ Լիբանանն ԱՄՆ-Իրան հրադադարի համաձայնագրի մաս է կազմում։

Իրանի հետ հրադադարի համաձայնագրի մասին Թրամփի հայտարարությունից հետո առաջին հրապարակային ելույթում Կացն ասել է, որ Իսրայելի քաղաքականությունն է՝ անորոշ ժամանակով պահպանել ռազմական ներկայությունը Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում»՝ «Իսրայելի սահմաններն ու համայնքները ջիհադիստական ​​տարրերից պաշտպանելու համար»։ Նա տարածքների և նման գոտիների պահպանումը նկարագրել է որպես 2023 թվականի հոկտեմբերի 7-ի «կենտրոնական դաս»։

Կացն ասել է, որ երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իսրայելի դիրքորոշումն ուղիղ հայտնել է Թրամփին, և որ ինքն այն կրկնել է կիրակի ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Մենք չենք զիջելու Իսրայելի գերագույն անվտանգության շահերի կամ մեր քաղաքացիների պաշտպանության հարցում, և մենք դուրս չենք գա անվտանգության գոտիներից»,- ասել է Կացը՝ հավելելով, որ «եթե Իրանը հարձակվի Իսրայելի վրա Լիբանանում տեղի ունեցող զարգացումների պատճառով, մենք կհարվածենք ամբողջ ուժով և հստակորեն կցուցադրենք ուժերի անհավասարությունը»։

Միաժամանակ, Իսրայելի ծայրահեղ աջակողմյան ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրը դատապարտել է Միացյալ Նահանգների և Իրանի միջև Մերձավոր Արևելքի պատերազմը, այդ թվում՝ Լիբանանում, ավարտելու համաձայնագիրը՝ պնդելով, որ իր երկիրը դրա հետ կապված չէ։

«Թրամփի համաձայնագիրը մեզ չի պարտավորեցնում։ Մենք այս համաձայնագրի կողմ չենք։ Այն չի պաշտպանում մեր անվտանգությունը։ Մենք չպետք է բավարարվենք «Հըզբոլլահ»-ի կազմալուծոըմից պակաս բանով։ Մենք չպետք է դուրս գանք ոչ մի սանտիմետր տարածքից, որը մեր զինվորները գրավել և մաքրել են ահաբեկչական ենթակառուցվածքներից»,- ասել է Բեն Գվիրը

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment