Ռուբեն Վարդանյանի կինը նախաձեռնում է միջազգային պատվիրակության այց Բաքու

Երեւան: Մեդիամաքս: Վերոնիկա Զոնաբենդը հայտարարել է, որ իր ամուսնու՝ Ռուբեն Վարդանյանի խնդրանքով, մտադիր է կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության այց կազմակերպել Բաքու։

Վերոնիկա Զոնաբենդի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) գրասենյակի փակվելուց ի վեր հայ բանտարկյալների ընտանիքները փաստացի զրկված են իրենց հարազատների հետ կանոնավոր, մարդասիրական անկախ կապից: Միջազգային այն մեխանիզմները, որոնք նման իրավիճակներում պետք է պաշտպանեն մարդուն, գործնականում չեն աշխատում։
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարել է, որ այս հարցը իր իրավասությունների շրջանակում չէ։ Իսկ Ադրբեջան կատարած այցերի ընթացքում իրենց իսկ երկրի պետական պատվիրակությունները հնարավորություն չեն գտնում այցելելու այդ մարդկանց, հանդիպելու նրանց, տեղում ծանոթանալու պահման պայմաններին եւ գնահատելու նրանց առողջական վիճակը։
Պատասխանատվության ինստիտուցիոնալ վակուումի պայմաններում ես այլեւս չեմ կարող պարզապես սպասել։
Ռուբենի խնդրանքով ես մտադիր եմ կազմակերպել կանանց միջազգային մարդասիրական պատվիրակություն, որը մոտ ապագայում կմեկնի Բաքու։
Դիմում եմ Ադրբեջանի օմբուդսմեն տիկին Սաբինա Ալիեւային եւ նրա գրասենյակին՝ խնդրելով աջակցել այդ պատվիրակության այցին Բաքու, պաշտոնական հանդիպմանը, Ումբակիի քրեակատարողական համալիրում պահվող հայ բանտարկյալներին տեսակցելուն եւ նրանց ընտանիքներից ծանրոցների, լուսանկարների, նամակների եւ օրենքով թույլատրված անձնական իրերի պաշտոնական փոխանցմանը»։
Վորոնիկա Զոնաբենդը ընդգծել է, որ այս նախաձեռնությունը «քաղաքական ակցիա» չէ։
«Սա բանտարկյալների ու նրանց ընտանիքների, նրանց ճակատագրով մտահոգ մարդկանց միջեւ առնվազն նվազագույն կապ վերականգնելու փորձ է։ Այդ կապն օգնում է մարդուն պահպանել իր արժանապատվությունը, առանց որի անհնար է խոսել հարեւան ժողովուրդների միջեւ իրական եւ տեւական խաղաղության մասին», – հայտարարել է նա։
Հայտարարության մեջ ասվում է, որ պատվիրակության կազմում ընդգրկվելիք կանանց անունները կհայտարարվեն լրացուցիչ։ 

Leave a comment