Հասարակություն
15.06.2026 | 12:45
Քննչական կոմիտեն հայտնում է, որ Սևան քաղաքում Ա․Խ․-ին սպանելու գործով երկու անչափահասի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ըստ ՔԿ-ի՝ 2026 թվականի փետրվարի 21-ին խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում անչափահասներ Ա․Մ․-ն և Ն․Մ․-ն ձեռքերով, ոտքերով և դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա․Խ․-ին՝ սպանելով նրան․ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
«ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված վարութային և ապացուցողական գործողությունների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ 2026 թվականի փետրվարի 21-ին Սևան քաղաքում գտնվող խանութ-սրահի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում, Ա․Խ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, անչափահասներ Ա.Մ.-ն և Ն.Մ.-ն ձեռքերով և ոտքերով, ինչպես նաև դանակով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ա․Խ.-ի մարմնի տարբեր մասերին՝ սպանելով նրան:
Բացի այդ, Ա․Մ․-ն ձեռք է բերել և ապօրինի կերպով կրել է հարվածող-ջարդող սառը զենք հանդիսացող կռփազենք, որը հայտնաբերվել է վերջինիս անձնական խուզարկությամբ:
Նախաքննության ընթացքում հսկող դատախազի որոշմամբ Ն․Մ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը), Ա․Մ․-ի նկատմամբ՝ 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը) և 334-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով քաղաքացիական ողորկափող հրազեն, գազային, օդաճնշիչ, սառը կամ նետողական զենք կրելը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ»,- ասված է հաղորդագրությունում։