Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան թվերով

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակումից հետո՝ հունիսի 14-ին իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է 2026 և 2021 թվականների ԱԺ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ընտրած քաղաքացիների թիվը ու շնորհակալություն հայտնել։

«2021 թվական ՔՊ  — 688.761 ձայն,

2026 թվական ՔՊ  — 726.819 ձայն

Շնորհակալություն բոլորին»,գրել է Սիմոնյանը։

«Փաստերի ստուգման հարթակը» փորձել է պարզել՝ ինչ է թաքնված Ալեն Սիմոնյանի մատնանշած թվերի ետևում։

ԱԺ նախագահի ներկայացրած թվերը առաջին հայացքից ճիշտ են, անթերի, սակայն ԱԺ ընտրություններում քաղաքացիների մասնակցության ու դրա արդյունքում ստացած քվեի պատկերը Սիմոնյանի վկայակոչած տվյալների համատեքստում մանիպուլյատիվ է։

Տարի Մասնակիցների թիվ ՔՊ ձայներ ՔՊ տոկոս
2026 1,476,769 726,819 49.74%
2021 1,281,997 688,761 53.91%

Վերոնշյալ աղյուսակում ներկայացված պաշտոնական տվյալներից երևում է, որ 2026-ի ընտրություններում ՔՊ-ն ստացել է 38,058-ով ավելի ձայն (726,819), քան 2021 թվականին են ստացել՝ 688,761։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ 2026-ին խորհրդարանական ընտրություններին մասնակցել է 194,772-ով ավելի մարդ, քան 2021-ին՝ 1,281,997։ Այսինքն, 5 տարվա ընթացքում ավելացած 194,772-ից ընդամենը 38,058-ն է իր քվեն տվել ՔՊ-ին։ Արդյունքում 2026-ի նոր խորհրդարանում ՔՊ-ի մասնաբաժինը նվազել է՝ 53.91%-ից մինչև 49.74%։

Սա նշանակում է, որ ճիշտ է, ՔՊ-ի ստացած ձայների բացարձակ քանակն աճել է, բայց ընտրազանգվածի մեջ նրա հարաբերական աջակցությունը նվազել է։ Եթե անգամ ավելացել է ՔՊ ընտրողների թիվը, արդյունքում պակասել է ՔՊ-ից ընտրվողների թիվը։ Այսինքն, իշխող կուսակցությունը նոր ԱԺ-ում Սահմանադրական մեծամասնություն չէ, ինչպես 2021-ին էր։ 

Այսպիսով, Ալեն Սիմոնյանը մանիպուլացնում է թվերով, քանի որ իր ֆեյսբուքյան գրառման մեջ ընտրել է միայն այն ցուցանիշը (ստացած ձայների բացարձակ թիվը), որը ցույց է տալիս աճ, և չի նշել, որ նույն ժամանակահատվածում իր քաղաքական ուժի տոկոսային աջակցությունը նվազել է 53.91%-ից մինչև 49.74%։

Հասմիկ Համբարձումյան

The post Ալեն Սիմոնյանի մանիպուլյացիան թվերով appeared first on FIP.AM.

Leave a comment