Կիևի վրա ռուսական ավիահարվածներից հրդեհ է բռնկվել 1051 թվականին հիմնված և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Կիև-Պեչերսկի մայրավանքը, գրում է The Kyiv Independent-ը։
«Այրվում է Կիև-Պեչերսկի մայրավանքի Ուսպենսկի տաճարի տանիքը՝ քրիստոնեական աշխարհի ամենասուրբ վայրերից մեկը», – հարձակման գիշերը գրել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ղեկավար, մետրոպոլիտ Եպիֆանին։
Քաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հստակեցրել է, որ այրվել է համալիրի գլխավոր տաճարի՝ Ուսպենսկի տաճարի տանիքը։
Եպիսկոպոս Ավրաամին Facebook-ում հայտնել է, որ մայրավանքի եղբայրության համակարգված գործողությունների և փրկարարների ու հրշեջ ստորաբաժանումների անձնուրաց աշխատանքի շնորհիվ հաջողվել է նվազագույնի հասցնել մարդկանց սպառնացող վտանգները և պահպանել սրբությունները։
«Նախ և առաջ կազմակերպվել է սրբությունների և ծիսական առարկաների, հնագույն սրբապատկերների, անտիմինսների և այլ սրբությունների հրատապ տարհանումը, որոնք ոչ միայն եկեղեցական, այլև ազգային և համամարդկային արժեք են ներկայացնում»,- հայտնել է նա։
Եպիսկոպոսը հիշեցրել է, որ Կիև-Պեչերսկի մայրավանքի տարածքը Ուկրաինայի եզակի հոգևոր, պատմական և մշակութային սրբավայրն է, որը դարեր շարունակ մնում է ուղղափառ կյանքի գլխավոր կենտրոններից մեկը և համաշխարհային մշակութային ժառանգության անբաժանելի մասը։