ԿԸՀ նիստում քննարկվում են «Ուժեղ Հայաստան» դաշինքի եւ «Միասնության թեւեր» կուսակցության դիմումները՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքն անվավեր ճանաչելու եւ վերաքվեարկություն նշանակելու մասին։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը կարդաց դիմումները, որոնցում ներկայացված են հիմնավորումներ ու փաստեր։
Մանրամասները՝ տեսանյութում
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Արամ Վարդեւանյանն ասաց․ «Մենք ունեցել ենք մի նախընտրական շրջան, որն իր մեջ պարունակել է ատելության խոսքի ամենագարշելի ու ամենաանընդունելի երեւույթները, որոնք ԿԸՀ կողմից որեւէ պատշաճ գնահատականի չեն արդարացել։ Բայց Վարչական դատարանի կողմից այն արձանագրվել էր որպես խախտում արձանագրող երեւույթ։ Եվ նման ատելության խոսքի դրսևորումն արել է մեկ քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիրը»։ Եվ այդ ատելության խոսքի տարածումն իր ազդեցությունն ունեցել է ընտրողների կամքի արտահայտման ձեւավորման վրա։ Այս նախընտրական շրջանում մենք տեսել ենք, թե ինչպես է վարչական ռեսուրսի չարաշահումը դառնում ամենատարածված գործիքը»։
«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Գոհար Մելոյանն էլ ներկայացրեց վարչական ռեսուրսի չարաշահման փաստերը՝ հարցադրում անելով՝ արդյոք այս դեպքերով կա՞ն հարուցված վարչական վարույթներ։ «Հիմա վերահաշվարկը դառնում է օրապահանջ»,- ասաց Մելոյանը։
Արման Վարդեւանյանն էլ նշեց, որ Ընտրական օրենսգիրքն ուղիղ է նախատեսում, որ պետք է տեղի ունենա վերաքվեարկություն։ «Ես ունեմ համոզմունք, որ անկախ օրենսգրքի պահանջից, այս ԿԸՀ-ն չի ապահովելու դա, չի իրականացնելու վերաքվեարկություն, որովհետեւ ձեր ելակետն ընտրական գործընթացի պատշաճ վերահսկողությունը չէ»,- նշեց Վարդեւանյանը։
Նա հավելեց․ «Պահանջում ենք երկու գործողություն, առաջինը՝ վերաքվեարկության իրականացում, սա պարտադիր է, սա օրենքի պահանջն է։ Եթե այդ վերաքվեարկությունն անելու պայմաններում մենք չենք կարողանում հաղթահարել այն էական խախտումները, որոնք ազդել են ընտրության արդյունքների վրա, ապա պետք է պարզապես այս ընտրության արդյունքները ճանաչվեն անվավեր»։
Մանրամասները՝ տեսանյութում
«Միասնության թեւեր» կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանն էլ ներկայացրեց իրենց հիմնավորումները։ Նա փաստեր ներկայացրեց վարչական ռեսուրսի կիրառման մասին։ «Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական փուլը, քվեարկության օրը եւ հետընտրական առանձին արձագանքները վկայում են, որ իշխող քաղաքական ուժի կողմից ընտրական գործընթացում ձեւավորվել է վարչական ռեսուրսի համապարփակ կիրառման այնպիսի միջավայր, որը չի կարող դիտարկվել որպես առանձին կամ պատահական խախտումների համակցություն»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: