Հայաստանի վերաքննիչ դատարանը փետրվարի 6-ի նիստում բավարարել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պաշտպանական կողմի միջնորդությունը՝ վերացնելով հոգևորականի նկատմամբ կիրառված կալանքը և որպես խափանման միջոց սահմանելով տնային կալանքը։
Դատարանի որոշումը կայացվել է արքեպիսկոպոս Աջապահյանի առողջական խնդիրների մասին վերջինիս փաստաբանների բարձրաձայնումների ֆոնին։ Ըստ փաստաբանների՝ մեկ ամիս առաջ տեղի ունեցած վիրահատությունից հետո հոգևորականի առողջական վիճակն անհամատեղելի է անազատության մեջ մնալու հետ։
Արքեպիսկոպոս Աջապահյանը մեղադրվում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։ Քրեական հետապնդման հիմքում հոգևորականի հարցազրույցներն են, որտեղ նա, ըստ նախաքննական մարմնի, դատողություններ էր արել ռազմական հեղաշրջման անհրաժեշտության վերաբերյալ։
Ամիսներ առաջ առաջին ատյանի դատարանը նրան մեղավոր էր ճանաչել և դատապարտել երկու տարվա ազատազրկման։ Վճիռն, սակայն դեռևս օրինական ուժի մեջ չի մտել, քանի որ երկու կողմերն էլ բողոքարկել են այն։ Պաշտպանական կողմը պահանջում է արդարացում, մինչդեռ Գլխավոր դատախազությունը միջնորդել է խստացնել պատիժը՝ ազատազրկման ժամկետն ավելացնելով ևս վեց ամսով։
Զուգահեռաբար, արքեպիսկոպոսի ներկայացուցիչները հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պնդելով, որ խախտվել են Եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդվածներ։ Ըստ պաշտպանական կողմի՝ ոտնահարվել են հոգևորականի անձնական անձեռնմխելիության իրավունքը և արտահայտվելու ազատության իրավունքը։
Փաստաբանները նաև շեշտում են, որ քրեական հետապնդումը կրում է բացառապես քաղաքական բնույթ։
The post Վերաքննիչ դատարանը տնային կալանք է սահմանել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ appeared first on CIVILNET.