«Ուժեղ Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Այսօր՝ ժամը 18:00-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) քննելու է «Ուժեղ Հայաստան» դաշինքի դիմումը՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմումը ներկայացրել է՝ հիմք ընդունելով համատարած և համակարգային խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների նշանակման օրվանից մինչև քվեարկության ավարտը, ինչպես նաև ձայների հաշվարկի և վերահաշվարկի փուլերում։
ԿԸՀ կողմից ակնհայտ անօրինական գործիքակազմերի իրացումը ուղիղ ազդեցություն է ունեցել քաղաքական ուժերի ձայների հարաբերակցության վրա, մասնավորապես` Բարգավաճ Հայաստան կուսակցության դեպքում, որն էլ ևս ամբողջության մեջ էապես ազդել է ընտրությունների վերջնական արդյունքների վրա։
Այսօր՝ ժամը 18:00-ին, մենք լինելու ենք ԿԸՀ շենքի մոտ՝ հնչեցնելու մեր բողոքի ձայնն արձանագրված ապօրինությունների դեմ և պահանջելու հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների չեղարկումը»։
«ՈւԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ»