Կփորձենք կառուցողական երկխոսություն ունենալ ԵԱՏՄ գործընկերների հետ՝ առանցքում ունենալով մեր պետականությունը. Միրզոյան

Կփորձենք կառուցողական երկխոսություն ունենալ ԵԱՏՄ գործընկերների հետ՝ առանցքում ունենալով մեր պետականությունը. Միրզոյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել: Այս մասին Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարարի հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 20-ին հրապարակված ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի անդամների համատեղ զեկույցի իրավական հատվածին:  

Ըստ Միրզոյանի` ԵԱՏՄ-ից Հայաստանին հեռացնելու կամ անդամակցությունը կասեցնելու համար զեկույցում Վիեննայի կոնվենցիային կատարվող հղումները տեղին չեն, իսկ ԵԱՏՄ փաստաթղթերով նման ընթացակարգ սահմանված չէ:

Միրզոյանը բացատրեց, որ Վիեննայի կոնվենցիայով նման ընթացակարգ սահմանվում է այնպիսի երկրի նկատմամբ, որը խախտել է միջազգային կամ ինտեգրացիոն կազմակերպությունում ունեցած պարտավորությունները, մինչդեռ Հայաստանը որևէ բան չի խախտել:  

«Ես հասկանում եմ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել, որպեսզի իրավական հիմնավորում գտնեն, բայց ես համաձայն չեմ դրանց հետ: Ասում ենք իրավական, բայց այստեղ քաղաքական մղում կա և գուցե քաղաքական հանձնարարություն կա իրավաբաններին որևէ հիմնավորում գտնել»,-ասաց ԱԳՄԱ նախարարը:

Միրզոյանը հույս հայտնեց, որ ԵԱՏՄ մյուս գործընկերները կազմակերպության և երկկողմ շրջանակներում բարեխղճորեն կկատարեն Հայաստանի նկատմամբ իրենց ունեցած պարտավորությունները:

«Մեր դիրքորոշումը հետևյալն է. ինչ էլ լինի մեր որոշումների և պահվածքի առանցքում է մեր պետականությունը, Հայաստանի Հանրապետության անկախությունը, ինքնիշխանությունը այդ թվում նաև այս կամ այն հարցի շուրջ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը: Մենք կփորձենք կառուցողական երկխոսություն ունենալ մեր մյուս գործընկերների հետ, բայց առանցքում ունենալով մեր պետականությունը իհարկե»,-ասաց Միրզոյանը:  

 

Leave a comment