15–ամյա տղայի աջ քունքային հատվածում եղել է կրակոցի հետք
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի․/Նովոստի–Արմենիա/․ Փետրվարի 5-ին ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։
Shamshyan.com–ի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 00:40-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքի տներից մեկի բակում երեխայի դի կա։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Ոստիկաններն ու քննիչները նշված տան բակում զրուցարանի մոտ՝ ճոճաթոռի վրա, հայտնաբերել են նույն տան բնակիչ 15-ամյա տղայի դի՝ աջ քունքային հատվածում կրակոցի հետքով։
Դեպքի փաստով Շենգավիթի քննչական բաժնում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները մահացածի մարմնի մոտ հայտնաբերել են օդաճնշիչ հրացան, որով ըստ նախնական տեղեկությունների տղան ինքնասպան է եղել։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։