«Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն լեգիտիմ չեն։ Նրանք չունեն լեգիտիմ իշխանություն, որովհետև ընտրություններին նախորդած ժամանակահատվածում և ընտրական քարոզարշավի ժամանակ հստակ և բիրտ ճնշման մեթոդներ են կիրառվել։ Անասելի, անհամաչափ վարչական ռեսուրս են կիրառել, ատելության խոսք տարածել, ընդդիմության ու ընդդիմախոսների նկատմամբ կիրառել են ապօրինություններ, ունեցել են անհամեմատ մեծ հրապարակային անթույլատրելի աջակցություն արտաքին ուժերից՝ տվյալ դեպքում Արևմուտքից, որոնք ՀՀ ներքին գործերին խառնվելու կոնկրետ օրինակներ են»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շանտաժի է ենթարկել սեփական ժողովրդին․ «Ասել է՝ եթե ՔՊ-ն չձևավորի սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետալի պատերազմ է լինելու։ Ատրճանակը դրել է մարդկանց ճակատին ու այդ վախի տակ տարել ընտրությունների։ Այս մթնոլորտում հնարավոր չէ նորմալ ընտրություն։ Հիմա ՔՊ-ականներին նայում ես, քեֆ, ուրախության մեջ են։ Ինչի՞դ վրա ես տաշի-տուշի անում, դու ես պատերազմի անոնս տվել, սահմանադրական մեծամասնություն չունես, հետևաբար քո ասելով՝ սեպտեմբերին պատերազմ է սպասվում։ Որ անոնսել է պատերազմ ու այդքան ձայն չի հավաքել, պետք է տենց տաշի-տուշիների մեջ լինի՞։ Հերթական անգամ Նիկոլ Փաշինյանը խաբել է ձեզ։ Ատրճանակը մարդկանց ճակատին դնելով՝ ընտրություն է եղել։ Այս ընտրությունները լեգիտիմ չեն»։
Մանդատները վերցնել-չվերցնելու մասին էլ ասաց․ «Տեսնենք ԿԸՀ որոշումը։ Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի որոշմանը պետք է հարգանքով վերաբերվենք։ Մեր թիմն ընտրություններին չի մասնակցել։ Մենք ասում ենք՝ երկու տարբերակն էլ կարելի է կիրառել։ Իրենք պետք է որոշեն՝ մանդատները վերցնում են, թե՝ ոչ»։ Արտախորհրդարանական ընդդիմության մասին էլ նշեց․ «Բոլոր նրանք, որոնք իրենց համարում են Նիկոլին ընդդիմություն, ունեն ընդդիմադիր հայացքներ, պետք է մի կողմ դնեն բոլոր փոխհրաձգությունները և կենտրոնանան էս հակապետական ռեժիմի դեմ պայքարի մեջ և սրանց ստերը վեր հանելու մեջ։ Ներընդդիմադիր ցանկացած գզվռտոց բերելու է բացառապես Նիկոլ Փաշինյանի միավորների ավելացմանը։ Դա ձեռնտու է բացառապես Փաշինյանին»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: