«2018-ին երկրում հայտնի իրադարձությունների հետևանքով առաջին խնդիրներից էր գյուղատնտեսությունը կործանելը։ Ներսում էի, հասկանում էի՝ քաղաքականություն մշակող գերատեսչությունը պետք է պարալիզացվեր։ 90-ականների սկզբում էլ էր նպատակ դրվել գյուղատնտեսությունը քանդելու»,-«Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոն» ՀԿ-ի (ԺԱՏԿ) նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստանի պարենային անվտանգությունը տարածաշրջանային հնարավոր ապաշրջափակման համատեքստում» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց ՀՀ Գյուղատնտեսության նախարարի նախկին տեղակալ Աշոտ Հարությունյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն էլ փաստեց՝ երկրի պարենային անվտանգության բնորոշման հիմնական ցուցիչը պարենամթերքի ինքնաբավության մակարդակն է ու նշեց որոշ վիճակագրական տվյալներ․ «Միջազգային պրակտիկան երկրի պարենային անվտանգության դիրքը գնահատում է երեք բաղադրիչով՝ պարենամթերքի մատչելիություն, հասանելիություն, որակ և անվտանգություն։ Այս մասով մենք ունենք լրջագույն խնդիրներ։ Այս առումով ցածր է հատկապես ցորենի, բուսական յուղի, հատիկընդեղենի, մշակաբույսերի, թռչնի մսի, ոչխարի, այծի մսի, կաթի ինքնաբավության մակարդակը։ 2020-2024-ի վիճակագրության համաձայն՝ ցորենի ինքնաբավության մակարդակի հետ կապված, եթե 2019-ին մոտ 31 տոկոս ինքնաբավության մակարդակ ունեինք, ցավոք, 2024-ին շեշտակի նվազել է՝ հասնելով մինչև 22 տոկոսի։ Նույնը նաև բանջարեղենի մասով։ Հատիկընդեղենի մասով 2019-ին 50 տոկոս էր ինքնաբավությունը, հիմա՝ 38 տոկոս, բուսական յուղի առումով էլ զգալի նվազում ունենք, ինչպես նաև շաքարի, կաթի, տավարի, խոզի, ոչխարի, այծի մսի մասով։ Այժմ ունենք ինքնաբավության նվազում։ Սա նաև արձանագրում է այն փաստը, որ մենք տապալել ենք գյուղատնտեսության ոլորտը։ Գյուղնախարարություն այլևս գոյություն չունի, վարչության կարգավիճակով է, ինչը նույնպես խանգարող հանգամանք է։ Ունեցել ենք առաջարկություններ, սակայն գործող իշխանությունների կողմից դրանք չեն ընդունվել»։
Աշոտ Հարությունյանն էլ արձագանքեց․ «Ցորենի ինքնաբավությունը 22,8 տոկոս է 2024-ի դրությամբ, սա պաշտոնապես հրապարակված թիվ է։ Սա, իհարկե, մտահոգիչ է, բայց ավելի մտահոգիչ է, որ այդ թիվը ոչ մեկին չի ահազանգում, ոչ մեկ չի սթափվում։ Երբ 2025-ի պաշտոնական տվյալները հրապարակեն, ավելի ցածր է լինելու։ Տարեցտարի ոչ միայն բերքատվությունն է անկում ապրում, այլև կորուստներն են սարսափելի թվեր»։
Աշոտ Հարությունյանը, խոսելով ՀՀ կառավարության՝ Արցախի և արցախցիների նկատմամբ վերաբերմունքի մասին, ասաց․ «Կառավարության՝ 2023-ի հունիսի 29-ի որոշումն եմ հիշում։ Մտովի հետ գնացի էդ օրերը։ 32 էջից կազմված փաստաթղթում որևէ տեղ Արցախ բառը չկար։ Եթե որևէ մեկն այդ էջերում գտնի Արցախ կամ ԼՂ բառը, ես ընդհանրապես չեմ խոսի։ Այսինքն՝ մեր եղբայրները սովի շեմին կանգնած էին, տոտալ բլոկադայի մեջ էին, որևէ մեջբերում չի եղել կառավարության որոշման մեջ։ Դա նշանակում է՝ պետական քաղաքականության ոչ թե ձախողում, այլ կանխամտածվածություն»։
Աշոտ Հարությունյանը նաև մտահոգություն հայտնեց ՀՀ գյուղատնտեսության ոլորտում գոյություն ունեցող այլ խնդիրների մասին, որոնք հանգեցնում են անասնագլխաքանակի կտրուկ անկման․ «ՀՀ գյուղական բնակավայրերի գրեթե 90 տոկոսում չկա մի գյուղական բնակավայր, որ դաբաղ հիվանդությունը գրանցված չլինի, բայց պաշտոնական պատասխանով ցույց են տալիս, որ չկա գրանցված դեպք»։
ԺԱՏԿ փորձագետ Հայկ Խանումյանն էլ հղում կատարելով լրագրող Հայկ Ղազարյանի հետաքննությանը՝ նշեց․ «Արցախի կորուստը ՀՀ պարենային անվտանգության վրա՝ հատկապես ցորենի առումով լուրջ հետևանք է թողել։ Արցախը 10-12 տոկոս ՀՀ ցորենի ինքնաբավությունն էր ապահովում՝ բավականին որակյալ ցորենի՝ սոսնձայնության հետ կապված»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: